Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրի համար 1 մլրդ 428 մլն դրամի չափով գումար հատկացնելու մասին հարցը քննարկվեց կառավարության հերթական նիստում։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ եթե այդ հատկացումներն իրականացվեն, ապա կստացվի որ այս տարվա ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 13 մլրդ 730 մլն դրամ.
«Արարատի մարզին կհատկացնենք 420 մլն դրամ՝ մարզադպրոցի կառուցման, Մասիս համայնքի Հայանիս, Սայաթ–Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման և նորոգման, Արտաշատ համայնքի Աբովյան, Արևշատ և Դեղձուտ բնակավայրերում փողոցներում նորոգման համար։ Արմավիրի մարզին կհակացնենք 425 մլն դրամ՝ 2 ծրագրերի համար՝ մանկապարտեզների նորոգման և վերակառուցման համար։ Գեղարքունիքին կհատկացնենք 16 մլն դրամ, Այգուտ բնակավայրի ջրագծի աշխատանքների և խմելու ջրի ցանցի նորոգման համար։ Լոռու մարզին՝ 174 մլն դրամ՝ մանկապարտեզի նորոգման, գրադարանի մասնաշենքի նորոգման, վարչական շենքերի նորոգման, քաղաքային զբոսայգու նորոգման համար։ Շիրակի մարզին՝ 356 մլն դրամ, կրկին մանկապարտեզների նորոգման, շենքերի նորոգման»։
Սանոսյանի խոսքով՝ ծրագրերը մեծամասամբ իրենց հունով ընթանում են, սակայն կան ծրագրեր, որոնք դանդաղում են, ինչը մեծ ծավալի աշխատանքներով է պայմանավորված. «Մենք Հանրապետությունում մի քանի հայրուր տեղով շինարարություն ենք իրականացնում միայն սուբվենցիոն ծրագրերով։ Դա նշանակում է՝ մի քանի ընկերություններ մի քանի տեղ են շինաշխատանքներ իրականացնում»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ կատարված աշխատանքների որակին պետք է հետևել. «Որակի հաշվին արագություն ձեռք չպետք է բերենք»։