Եղբորս՝ Արամ Երիցյանի հետ կապված, խախտվել է մարդու հիմնարար իրավունքը՝ պաշտպանության իրավունքը։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա հայտնել է, որ Արամ Երիցյանի նկատմամբ բռնություն է կիրառվել հիմնականում Ոստիկանության բաժնում, որտեղ նրան քաշքշել ու վիրավորել են ինչպես իրեն, այնպես էլ ընդհանրապես բոլոր ղարաբաղցիներին։
Նրա կարծիքով՝ իրավապահներն ամեն կերպ փորձում են ազատությունից զրկել Արամ Երիցյանին, օրինակ՝ երեկ նա 24 ժամ զրկված է եղել ազատությունից։
Փաստաբանը ենթադրեց, որ դա կարող է պայմանավորված լինել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին հնչած քննադատությամբ, որը նախկինում բարձրաձայնել էր Ռոման Երիցյանը։
«ՄԻՊ գրասենյակի օպերատիվ արձագանքման խումբը, ահազանգ ստանալով Արամ Երիցյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին, շատ արագ ժամանել է Ոստիկանության բաժին, սակայն ոստիկանությունը ժամը 4-ի սահմաններում արգելել է նրանց հանդիպել եղբորս հետ, ով այդ ամբողջ ընթացքում ձեռնաշղթաներով էր։ Բացի այդ, ևս 3-4 ժամ հետո ինձ և մյուս փաստաբաններին թույլ չտվեցին մտնել Քննչական կոմիտեի բաժին, որտեղ պահվում էր եղբայրս։ Ավելին, պատգամավորներին արգելվել է մուտք գործել Քննչական կոմիտե»,- նշեց նա։
Ռոման Երիցյանը հավելեց, որ կալանավորման որոշումից հետո այս 72 ժամվա ընթացքում փաստաբանները չեն կարողացել տեսակցել վստահորդին։
Հիշեցնենք, որ Ռոման Երիցյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր եղբորը՝ Արամ Երիցյանին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները և վնասվածքներով տեղափոխել ոստիկանություն՝ մեքենան արգելված վայրում կայանելու համար։ Ավելի ուշ, Հայաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ վստահեցնելով, որ բերման ենթարկելիս հենց Արամ Երիցյանն է հարվածել ու դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երիցյանը ծեծի չի ենթարկվել, կոտրվածքներ չունի։
Օրեր առաջ դատարանը որոշեց մերժել Քննչական կոմիտեի միջնորդությունը և չկալանավորել Արամ Երիցյանին։ Սակայն Ռոման Երիցյանը օգոստոսի 6-ին հայտնել է, որ եղբորը կրկին բերման են ենթարկել։