Իրավապահների նպատակը Լեռնային Ղարաբաղի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին նվաստացնելն էր, այլ ոչ թե կալանավորելը, ապա ձերբակալելը։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա գնահատմամբ՝ սա իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է՝ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելով։
Նա հավելեց, որ գործող իշխանությունները ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ։
«Արցախի ժողովուրդը թիրախավորվում է»,- նշեց Ալեքսանյանը։ Նա որպես օրինակ բերեց Ստեփանակերտի քաղաքապետի ցուցադրական ձերբակալությունը և իրավապահների ներթափանցումը Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածք։
«Իշխանություններն ուղղորդում են ՆԳՆ-ի գործողությունները, և դա ակնհայտ դարձավ հունիսի 12-ի դեպքերից հետո («Հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելուց հետո – խմբ.)։
Մենք ականատես ենք ապօրինությունների սահմռկեցուցիչ շղթայի։ Իրավապահների կողմից արված հայտարարությունները՝ փորձելով արդարացնել իրենց գործողությունները, խայտառակություն են։
Ոստիկանության աշխատակիցները ատելությամբ են լցված քաղաքացիների նկատմամբ։ Միաժամանակ, հսկայական գումարներ են ծախսվում ոստիկանության բարեփոխումների վրա։ Խնդիրն այն է, որ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում։ Անպատժելիության մթնոլորտ է տիրում։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արդեն իսկ բարձրացված աղմուկի ֆոնին քաջատեղյակ էր կատարվածին, սակայն ինքը շարունակեց ապօրինությունները Քննչական կոմիտեի բաժնում։ Նրան քարտ բլանշ են տալիս, որ անի այն, ինչ ուզում է։ Քննչական կոմիտեի աշխատանքը միշտ վատ է եղել, հիմա էլ ավելի է վատացել իրավիճակը»,- եզրափակեց իրավապաշտպանը։