Ավելի քան 300 հրշեջներ փորձում են վերահսկողության տակ առնել Կրետե կղզու Ռեթիմնո մունիցիպալիտետում բռնկված ուժեղ անտառային հրդեհը, կանխարգելիչ նպատակներով տարհանվել են ինը գյուղեր, սակայն տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է www.in.gr տեղեկատվական պորտալը։
Ըստ պորտալի տվյալների՝ արդեն երրորդ օրն է, ինչ հրդեհը մոլեգնում է Ռեթիմնոյի մունիցիպալիտետի անտառներում և գյուղատնտեսական նշանակության հողերում, սակայն ուրբաթ օրը իրավիճակը որոշակիորեն բարելավվել է հրշեջների ակտիվ գործողությունների շնորհիվ։ Հրդեհի ուժգնությունը նվազել է, և կրակի ճակատն այլևս չի տարածվում որևէ ուղղությամբ։ Ներկայումս հրդեհի վայրում աշխատում է 290 հրշեջ 54 ավտոմեքենայով, 20 քայլող խումբ, իսկ 13 հրշեջ ինքնաթիռ և ուղղաթիռ օդից ջուր է նետում։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ այժմ ոչ մի բնակավայրի վտանգ չի սպառնում, սակայն կանխարգելիչ նպատակով տարհանվել են ինը գյուղերի բնակիչներ։ Հրշեջ-փրկարարներն այս պահին աշխատանքներ են տանում այրված տարածքում կրկնակի բռնկումները ճնշելու ուղղությամբ: Հրշեջների հիմնական ուժերը կենտրոնացած են Պլատանոս, Ապոդուլու, Վատիակո և Ագիա Պարասկևի բնակավայրերի շրջակայքում բռնկված հրդեհների մարման վրա։
Կրետեում հրդեհը տարածվել է ձիթապտղի այգիների, գյուղատնտեսական հողերի և թփուտների վրա՝ վնասելով ոռոգման ցանցերը, սակայն հրշեջներն ասում են, որ դա անմիջական վտանգ չի ներկայացնում կղզու ափին գտնվող զբոսաշրջային հյուրանոցների համար:
Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, այս ամառ Հունաստանում արդեն ավելի քան 2 հազար անտառային հրդեհ է գրանցվել, որոնց մեծ մասը մարվել է հենց սկզբում։ Հրդեհներն առաջացել են սաստիկ շոգից և փոթորիկ քամուց, թեև որոշ դեպքերում դիտավորյալ և ոչ դիտավորյալ հրկիզումներ են տեղի ունեցել։