«Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցության նոր հորիզոններ» ֆորումի արդյունքներով կմեկնարկի Հայաստան-ԲՐԻԿՍ գործարար համագործակցության կենտրոնի աշխատանքը։ Դրա մասին ֆորումի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանում հայտարարել է Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության միջազգային համագործակցության առաջնորդների խորհրդի անդամ, ՇՀԿ անդամ երկրների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնի տնօրենի խորհրդական, «Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ», ՇՀԿ երիտասարդական խորհրդի անդամ, ԲՐԻԿՍ բիզնես ինկուբատորի տնօրեն Տատյանա Սելիվերստովան։
Նա պարզաբանել է, որ կենտրոնի հիմնական խնդիրն է ընդլայնել Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները։
«Մենք ամեն ինչ կանենք ԲՐԻԿՍ երկրներից ավելի շատ ձեռնարկատերերի, առևտրային ընկերությունների, ներդրումային ֆոնդեր Հայաստան ներգրավելու համար՝ համատեղ առևտրատնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր ստեղծելու նպատակով։ Բացի դրանից, կենտրոնը արտաքին տնտեսական գործունեության և ԲՐԻԿՍ երկրների հետ բիզնես վարելու առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվություն կտրամադրի հայ ձեռնարկատերերին»,- ընդգծել է նա։
Սելիվերստովան հավելել է, որ սա համակարգող կենտրոն է, որը կօգնի Հայաստանի ձեռնարկատերերին և գործարար համայնքին ԲՐԻԿՍ երկրների հետ նոր գործարար կապեր ստեղծելու հարցում։
Նա նշել է, որ Հայաստանի արտաքին տնտեսական ակտիվության կառուցվածքում առաջին եռյակը հիմնականում զբաղեցնում են ԲՐԻԿՍ անդամ երկրները, մասնավորապես՝ Չինաստանը, Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Սելիվերստովան հիշեցրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ԲՐԻԿՍ-ին է միացել այս տարի։