Մեքսիկական Սինալոայի նարկոկարտելի առաջնորդ Իսմայել «Էլ Մայո» Զամբադան բանտից գրած և նրա փաստաբանի հրապարակած նամակում մանրամասնել է այն իրադարձությունները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են իր ձերբակալությանը ԱՄՆ-ում, հայտնում է CBS News-ը։
«Էլ Մայոն» և Խոակին Գուսման Լոպեսը՝ տխրահռչակ օրենքով գող Էլ Չապոյի 12 երեխաներից մեկը, ձերբակալվել են հուլիսի 25-ին Տեխաս նահանգի Էլ Պասոյի մերձակայքում՝ առանց միջադեպերի, հայտնել են դաշնային իշխանությունները:
«Տարիներ շարունակ ԱՄՆ-ում արդարադատությունից թաքնվող Զամբադայի ձերբակալությունը հարված է հասցնում կարտելի սրտին, որը պատասխանատու է թմրանյութերի մեծ մասի համար, ներառյալ ֆենտանիլը և մետամֆետամինը, որոնք ափից ափ ամերիկացիների մահվան պատճառ են դառնում»,- այն ժամանակ հայտարարել էր DEA-ի ադմինիստրատոր Էնն Միլգրեմը:
38-ամյա Գուսման Լոպեսը, ենթադրաբար, խաբել է 76-ամյա Զամբադային, ասելով, որ պետք է նայեն Մեքսիկայում գտնվող գույքը, և ինքնաթիռ նստեցրել, CBS News-ին հաստատել է հետաքննությանը ծանոթ աղբյուրը։
Ըստ ասեկոսեների՝ Գուսման Լոպեսը գործարք է կնքել ԱՄՆ իշխանությունների հետ իր և իր եղբոր՝ Օվիդիո Գուսման Լոպեսի անունից։
«Էլ Մայոն» հերքել է այս տեղեկությունը CBS News-ի տրամադրության տակ եղած նամակում:
Ըստ նարկոբարոնի, ինքը հենց սկզբից ցանկացել է, որ բոլորն իմանան, որ ինքը չի հանձնվել, համաձայնության չի եկել ու ինքնակամ չի եկել։
«Ընդհակառակը, ինձ առևանգեցին և բռնի ուժով ու իմ կամքին հակառակ բերեցին Միացյալ Նահանգներ»,- գրել է նա։
Իր նամակում Զամբադան ասում է, որ Գուսման Լոպեսը խնդրել է իրեն մասնակցել հանդիպմանը՝ օգնելու լուծել Սինալոա նահանգի քաղաքական առաջնորդների միջև ծագած տարաձայնությունները:
Հուլիսի 25-ի վաղ առավոտյան նա ժամանել է Ուերտոս դել Պեդրեգալում իրենց հանդիպմանը: Նա տեսել է կանաչ զինվորական համազգեստով մեծ թվով զինված մարդկանց, սակայն, վստահել է հանդիպմանն ու ներկաներին, նրան տարել են մութ սենյակ, որտեղ, ըստ նրա, ընկել է դարանակալման մեջ։ Նրա գլխին պարկ են հագցրել և նստեցրել ինքնաթիռ, թռիչքը, ըստ նրա, տևել է 2,5-ից 3 ժամ:
Նա ժամանել է Միացյալ Նահանգներ և ձերբակալվել դաշնային պաշտոնյաների կողմից: Դատական արձանագրությունների համաձայն, «Էլ Մայոն» Էլ Պասոյի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրական դատավճռից և կալանավորման մասին լսումներից: Կարտելի ղեկավարը նամակում գրել է, որ չի սպանել հանդիպմանը ներկա նախկին դաշնային կոնգրեսական և Կուլյականի քաղաքապետ Հեկտոր Քուենին։ Նա նաև հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Սինալոա նահանգի դատական ոստիկանության հրամանատար Խոսե Ռոսարիո Էրաս Լոպեսի և անվտանգության աշխատակից Ռոդոլֆո Չայդեսի անհետացման հետ, որոնք նույնպես ներկա են եղել հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ հակառակի մասին ցանկացած հաղորդում կեղծ է: Նա եզրափակել է նամակը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների և Մեքսիկայի կառավարություններին լինել «թափանցիկ» իր առևանգման և հետագա անհետացումների և մահերի նկատմամբ:
«Ես նաև կոչ եմ անում Սինալոայի բնակիչներին զսպվածություն ցուցաբերել և խաղաղություն պահպանել մեր նահանգում,- գրել է Զամբադան:- Բռնությամբ ոչինչ չի լուծվում։ Մենք նախկինում անցել ենք այս ճանապարհով, և բոլորը ձախողվել են»: