Միջազգային քրեական դատարանը որոշել է հրապարակել իր քննարկումների արդյունքները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի նկատմամբ կալանքի որոշում կայացնելուց առաջ, գրում է Times of Israel-ը։
Դատավորները ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանին հանձնարարել են միջնորդություն ներկայացնել այն մասին, որ ձերբակալության օրդերների վերաբերյալ իր հայցը գաղտնազերծվի:
Խանի ապացույցների հրապարակումը կարող է լույս սփռել նրա գերատեսչության ամիսներ տևած հետաքննական աշխատանքի ծավալների վրա, որն իրականացվել է հոկտեմբերի 7-ին Իրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում իսրայելական բնակչության և պաղեստինցիների վրա պատերազմի ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով: Այս որոշումը ուրբաթ օրը կայացրել է նախաքննական դատարանի կոլեգիան։ Նախաքննության փուլը մի շարք շահագրգիռ կողմերի հնարավորություն է տալիս առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել փաստարկներ՝ կապված Իսրայելի և Պաղեստինի տարածքներին վերաբերող հարցերում ՄՔԴ իրավասության հետ:
Խանը հայտարարել է, որ Նաթանյահուն և Գալանտը մեղադրվում են զանգվածային բնաջնջման, սովի որպես պատերազմի մեթոդի, ներառյալ մարդասիրական օգնության տրամադրումից հրաժարվելու և հակամարտությունում հայտնված խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակումների մեջ:
Խանը նաև ձերբակալության օրդեր է խնդրել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի, խմբավորման ռազմական ղեկավար Մոհամմեդ Դեյֆի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ առաջնորդ Իսմայիլ Հանիեի համար՝ ոչնչացման, սպանությունների, պատանդառության, բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով: