Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեղադրել է բալկանյան երկրում լիթիումի արդյունահանման նախագծի դեմ հանդես եկող ցուցարարներին իր կառավարության դեմ արևմուտքի կողմից աջակցվող «հիբրիդային պատերազմի» մաս լինելու մեջ և խոստացել է վճռական իրավական միջոցներ ձեռնարկել այն ցուցարարների դեմ, որոնք մայրաքաղաքում արգելափակել են երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը, հաղորդում է PA Media-ն։
Կիրակի օրը Վուչիչը լրագրողներին ասել է, որ թեև հիմնական բողոքի ակցիան անցկացվել է ժողովրդավարական ճանապարհով, սակայն երթևեկության արգելափակումը հավասարազոր է «մեծամասնության նկատմամբ փոքրամասնության ահաբեկչությանը»:
«Սա հիբրիդային մոտեցման մի մասն է, որն ուղղված է իշխանությունը տապալելուն,- ասել է նա լրագրողներին:- Մենք ամեն ինչ մանրամասն գիտեինք։ Կարծում եք՝ որևէ մեկին զարմացրե՞լ եք... մենք միշտ եղել ենք զուսպ, առանց բռնության, երկրում կարգուկանոն ենք ապահովել, առանց խնդիրների»։
Անցյալ շաբաթ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետախուզական ծառայություններն իրեն զգուշացրել են, որ անհայտ արևմտյան պետությունները «զանգվածային անկարգություններ և պետական հեղաշրջում» են նախապատրաստում Սերբիայում՝ ցանկանալով իրեն հեռացնել իշխանությունից։
Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ մասնակցելով Սերբիայում լիթիումի արդյունահանման դեմ վերջին տարիների ամենախոշոր բողոքի ցույցերից մեկին՝ չնայած պաշտոնյաների նախազգուշացումներին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա կառավարության տապալման ենթադրյալ դավադրության մասին:
Ավելի ուշ ցուցարարներից ոմանք փակել են քաղաքի երկու երկաթուղային կայարանների ճանապարհները և կարճ ժամանակով դադարեցրել երթևեկությունը գլխավոր մայրուղու վրա:
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ 14 մարդ ձերբակալվել է հարցաքննության համար։
«Ոստիկանությունն աշխատում է բոլոր հանցագործների անձերի հաստատման ուղղությամբ, որոնց մեղադրանք կառաջադրվի»,- հավելել է նա։