Սենատոր, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը АВС հեռուստաալիքին տված հարցազրույցում արտահայտվել է 1 մլն ապօրինի ներգաղթյալների արտաքսման օգտին։
Սենատորն անդրադարձել է շարունակվող միգրացիոն ճգնաժամին և կրկին տեղի ունեցողի մեջ մեղադրել ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին և նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությանը։
Հարցին, թե ինչպես են նա և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր հասնել մինչև 20 միլիոն ներգաղթյալների զանգվածային արտաքսման իրենց հայտարարած նպատակին, Վենսը պատասխանել է, որ իրենք «հետևողական մոտեցում» կցուցաբերեն։
«Պետք է սկսել նրանից, ինչին հնարավոր է հասնել: Կարծում եմ, եթե դուք արտաքսեք բազմաթիվ դաժան հանցագործների և, անկեղծ ասած, եթե դժվարացնեք անօրինական աշխատուժի վարձումը, ինչը նվազեցնում է ամերիկացի աշխատողների աշխատավարձը, ապա, կարծում եմ, որ շատ ավելի կմոտենաք անօրինական ներգաղթի խնդրի լուծմանը»,- ասել է Վենսը։
«Կարծում եմ՝ հետաքրքիր է, որ մարդիկ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես կարելի է արտաքսել 18 միլիոն մարդու։ Եկեք սկսենք 1 մլն-ից։ Այստեղ է, որ Քամալա Հարիսը ձախողվել է: Իսկ հետո մենք կարող ենք առաջ շարժվել»,- հավելել է նա: