Գորիսն ու Իրանի Քաշան քաղաքը քույր քաղաքներ դառնան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ–իրանական մշակութային փառատոնի ժամանակ։
Նա նշել է, որ Կապանում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ կա պայմանավորվածություն:
«Արդեն կան որոշակի քայլեր, ու կարծում եմ` առաջիկայում մեր համագործակցությունը կստացվի։ Դա կնպաստի, որ երկու ժողովուրդների մեջ շփման եզրերն ավելանան »,– ասաց նա։
Առուշանյանի խոսքով` արցախյան վերջին պատերազմից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել, և հիմա ցանկանում են հիմնական շեշտը դնել զբոսաշրջության վրա։
«Տեղեկություն ենք ստացել, որ այսօր Գորիսում անցկացվող փառատոնի շնորհիվ տեղի հյուրանոցներում զբաղվածությունը 80-90 տոկոսի է հասել։ Այն, որ զբոսաշրջությունը Գորիսի համար տնտեսական լուրջ միավոր է, փաստ է։ Առաջին անգամ է, որ Գորիս քաղաքը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Իրանի հյուպատոսի հետ ունենք պայմանավորվածություն, որ նմանատիպ միջոցառումներ Գորիսում ավելի հաճախակի կլինեն, որը երկու ժողովուրդների միջև ավելի ամուր կապ կստեղծի»,– հավելեց նա։