ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ցանկանում է հրադադարի համաձայնագիր կնքել, կամ, թերևս, դա այն ուղերձն է, որ Եգիպտոսի և Քաթարի միջնորդները փոխանցել են իսրայելցի պաշտոնյաներին այս շաբաթվա վերջին կայանալիք մեծ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրին:
Սակայն, արդյո՞ք, Իսրայելի վարչապետը ցանկանում է դա, մնում է անհասկանալի:
Նաթանյահուի դաշնակիցները լրագրողներին և կառավարության այլ պաշտոնյաների ասել են, որ Իսրայելի վարչապետը պատրաստ է գործարք կնքել՝ անկախ նրանից, թե դա ինչպես կանդրադառնա նրա կառավարող կոալիցիայի վրա, ասել է իսրայելական երկու աղբյուր: Սակայն Իսրայելի անվտանգության պաշտոնյաները զգալիորեն ավելի թերահավատորեն են վերաբերվում Նաթանյահուի համաձայնության գնալու պատրաստակամությանը, հաշվի առնելով նրա կոալիցիայի ծայրահեղ աջ նախարարների կատաղի հակազդեցությունը:
«Ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում Բիբին»,- ասել է աղբյուրը։
Հասկանալի է, որ այս շաբաթ Նաթանյահուն բախվելու է ԱՄՆ-ի կողմից հսկայական ճնշման, նրանից հրադադարի և պատանդների ազատման մասին համաձայնագիր են պահանջելու։ ԱՄՆ պաշտոնյաները հասկացրել են իրենց իսրայելցի գործընկերներին, որ կարծում են, որ ժամանակն է բանակցել հրադադարի շուրջ՝ ավելի լայն տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար, ասել է իսրայելական աղբյուրը: Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորումը, որը հարգված մարմին է Իսրայելում, նույնպես կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին վերջնական տեսքի բերել պատանդների և հրադադարի մասին համաձայնագիրը:
Միաժամանակ Նաթանյահուի կոալիցիոն գործընկերները հասկացրել են, որ չեն ցանկանում, որ Իսրայելը գործարք կնքի ՀԱՄԱՍ-ի հետ։
Ուրբաթ օրը Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հրադադարի առաջարկված համաձայնագիրը «կապիտուլյացիայի մաին համաձայնագիր» է անվանել։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին դատապարտել է Սմոտրիչի արտահայտությունը՝ ասելով, որ «նրա փաստարկները բացարձակապես սխալ են»:
Սակայն Նաթանյահուի քաղաքական ապագան մեծապես կախված է նրա կոալիցիոն գործընկերներից, որոնցից ոմանք արդեն սպառնացել են լքել կառավարությունը և հանգեցնել դրա փլուզմանը, եթե նա համաձայնի գործարքին: Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) ներկայումս նիստեր չի գումարում ամառային արձակուրդների պատճառով, ինչը դժվարացնում է, թեև անհնարին չի դարձնում , Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի համար ներկայիս կառավարության տապալումը:
Իր հերթին, իսրայելական աղբյուրները կարծում են, որ Նաթանյահուն կարող է ընտրություններ նշանակել, եթե ձեռք բերվի հրադադարի համաձայնություն, որը թույլ կտա նրան վերահսկել նման ընտրությունների անցկացման ժամկետները։