Բրազիլացին ուշացել է թռիչքից՝ խառնելով գրանցման սեղանը. Ինքնաթիռը, որի չվերթով նա չի մեկնել, վթարի է ենթարկվել, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Ադրիանո Ասիսը TV Globo-ին տված հարցազրույցում պատմել է, որ հիվանդանոցում իր հերթափոխն ավարտելուց հետո գնացել է Կասկավելա օդանավակայան։
Ինքնաթիռը, որը նա ցանկանում էր նստել, պետք է վայրէջք կատարեր երկրի ամենամեծ օդանավակայանում՝ Սան Պաուլո Գուարուլյոսում։ Սակայն, ըստ գերմանական Bild պարբերականի՝ ուրբաթ VoePass-ից ոչ միայն ATR-72-ն էր թռել Գուարուլյոս օդանավակայան, այլ նաև LATAM Airlines-ի ինքնաթիռը։
Հարցազրույցում տղամարդը պատմում է. «Ես ժամանեցի LATAM -ի գրանցման սեղան առավոտյան 9:40-ին, բայց այն փակ էր»: Ասիսը սպասել է, որ այն բացվի, և սպասելու ընթացքում հանգիստ սրճել է։ Մեկ ժամ անց նա գլխի է ընկել, որ սպասում է սխալ գրանցման սեղանի մոտ և շտապել է դեպի VoePass-ի գրանման սեղան, բայց ուղևորներն արդեն տեղավորվել էին օդանավում: Ասիսը ավիաընկերության աշխատակցին խնդրել է իրեն թույլ տա ինքնաթիռ նստել, սակայն աշխատակիցը մերժել է։
Ասիսը պատմում է, որ վիճել է աշխատակցի հետ, բայց նա անդրդվելի է մնացել։ «Նա կյանքս փրկեց», - ասում է Ասսիսը արցունքն աչքերին:
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից 90 րոպե անց։ Ականատեսների արած տեսանյութում երևում է՝ ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ բախվում գետնին։ Ուղևորներից ոչ մեկը ողջ մնալու շանս չի ունեցել։