ՌԴ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ սաստկացող գնդակոծության մասին, գրում է «Коммерсантъ»-ը։
Նա նշել է, որ մարզը հրետակոծվում է շաբաթական ավելի քան 80 անգամ։ Միաժամանակ Ալեքսանդր Բոգամազը նախագահին ասել է, որ իրավիճակը Բրյանսկի մարզում կայուն է, և բնակիչներին արտաբնակեցնելու կարիք չկա։ Նահանգապետը հավելել է, որ օգոստոսի 9-ին 22 հարձակումներից 11-ը եղել են խաղաղ բնակիչների՝ տների, մեքենաների և ավտոբուսների վրա։
Օպերատիվ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարել է սահմանամերձ շրջաններում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ուկրաինացի դիվերսանտների դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ակնկալում է, որ Կիևը կշարունակի երկրի սահմանամերձ շրջանները, ներառյալ՝ Բրյանսկի մարզն ապակայունացնելու փորձերը։ «Եթե այսօր Բրյանսկի մարզում հարաբերական հանգիստ է, դա չի նշանակում, որ վաղը նույն իրավիճակը կպահպանվի»,- ասել է Պուտինը։