Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի վտանգի առնչությամբ, հայտնում է գերմանական dpa international-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածից մեկ օր անց, որն, ըստ տեղեկությունների, տասնյակ խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել, իսկ Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հարձակումն անընդունելի է անվանել և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը:
Շոլցը Նեթանյահուին ասել է, որ Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Իրանի, Լիբանանի «Հըզբոլլահ-ի զինյալների և այլոց՝ Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգության նկատմամբ հնչող սպառնալիքները, նշել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։
«Կանցլերն ընդգծել է պատասխան բռնության կործանարար պարույրը կտրելու, լարվածությունը թուլացնելու և կառուցողական աշխատանք տանելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է խոսնակը:
Շոլցը միաժաամանակ կրկնել է, որ եկել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն ավարտելու և գրոհայինների կողմից պաղեստինյան տարածքում գտնվող պատանդներին ազատ արձակելու ժամանակը: Նա շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում «բազմաթիվ ռազմական նպատակներ» իրականացվել են, սակայն Գազայի հատվածում մարդկային տառապանքը շարունակվում է և այդ տառապանքն «անսահման է»: