Անցյալ տարի Եվրոպայում շոգից ավելի քան 47 հազար մարդ է մահացել, ասված է Nature Medicine հանդեսում հրապարակված նոր զեկույցում։ Հետազոտությունն անցկացրել է Բարսելոնայի Գլոբալ առողջապահության ինստիտուտը (ISGlobal), որն իր հաշվարկների համար ուսումնասիրել է 35 տարբեր երկրներում ջերմաստիճանի և մահացության բազմաթիվ պատմական տվյալներ:
2023 թվականը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ որպես առ այսօր ամենաշոգ տարի։ Միաժամանակ փորձագետները ենթադրում են, որ 2024 թվականը կարող է լինել հաջորդ ամենաշոգ տարին։ Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը հայտնել է, որ հավանականություն կա, որ այս տարի 2023-ից ավելի տաք է լինելու:
Nature Medicine Study-ի հետազոտողները հաշվարկել են, որ մայիսի վերջին և հոկտեմբերի սկզբին գրանցվել է շուրջ 47 հազար 690 մահ, ընդ որում դրանց կեսից ավելին գրանցվել է ընդամենը երկու ուժեղ շոգի ժամանակ՝ հուլիսի կեսին և օգոստոսի վերջին:
Մեկ տարի առաջ անցկացված նմանատիպ հետազոտության մեջ ISGlobal-ի գիտնականները հաշվարկել են, որ Եվրոպայում 2022 թվականին ավելի քան 60 հազար մարդ է մահացել շոգից: 2023 թվականի տվյալներով՝ շոգից մահացությունների հիմնական մասը գրանցվել է հարավային Եվրոպայի երկրներում, որոնց առաջին եռյակում են Հունաստանը, Բուլղարիան և Իտալիան։