Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է «Ռազմականացման ժամանակակից թրենդները» զեկույցը, որտեղ նկարագրված են աշխարհի երկրների ռազմական արդյունաբերության մի շարք թրենդներ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ երկրների մեծ մասում զինված ուժերի անձնակազմի թիվը նվազել է։ Եթե 1995 թվականին աշխարհում զինվորականների ընդհանուր թիվը գերազանցում էր 30 միլիոնը, ապա 2019 թվականին այդ թիվը 28 միլիոնից պակաս էր։
Որոշ երկրներում ընդհանուր ֆոնի վրա նկատելիորեն աչքի է ընկնում 100 հազար բնակչի հաշվով զինվորականների թիվը։ IEP-ի տվյալներով՝ այս ցուցանիշի ռեկորդակիրը Էրիթրեան է՝ աֆրիկյան այս փոքրիկ երկրում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 5476 զինվորական։
Այս ցուցանիշը բարձր է ԿԺԴՀ-ում, Իսրայելում, Հունաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում, Շրի Լանկայում, Լիբանանում և Հայաստանում (100 հազար բնակչին բաժին է ընկնում 1542 զինվորական): Հայաստանի դեպքում այս ցուցանիշը 2008 թվականի տվյալների համեմատ 100 հազար բնակչի հաշվով աճել է 21 զինվորականով։
Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP) պնդում է, որ Ադրբեջանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 649 զինվորական (15 տարվա ընթացքում այն նվազել է 100 հազար բնակչի հաշվով 138 զինվորականով)։ Վրաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 551 զինվորական (100 հազար բնակչի հաշվով աճը՝ 74 զինվորական)։