News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը սկսում է հոդվածների շարք նվիրված ապրանքային շուկաներին: «Շաբաթները» կլինեն ասիմետրիկ` չորեքշաբթիից մինչեւ հաջորդ շաբաթվա երեքշաբթի: Նպատակն է հանգստյան օրերին եւս լինել կապի մեջ:

Առաջին շարքը նվիրված է Հայաստանի արտահանման գլխավոր ապրանքներից մեկին` մոլիբդենին: Յուրաքանչյուր օր իր դիտարկումը կանի NEWS.am-ի զրուցակիցը` միջազգային կամ հայաստանյան հեղինակավոր վերլուծաբան կամ շուկայի մասնակից: Այսօր իր դիտարկումներն է ներկայացնում ամերիկյան CPM Group ներդրումային-վերլուծական ընկերության առաջատար վերլուծաբան Քեթրին Վիրգան:

Նրա կարծիքով, առաջիկա երկու տարիներին Չինաստանը կմնա մոլիբդենի խոշորագույն նետտո-արտահանող:

«Այդուամենայնիվ, արտահանման ծավալները կարող են լինել պատմական առավելագույնից զգալիորեն ցածր եւ դժվար թե գերազանցեն տարեկան 10 միլիոն ֆունտի (մոտ 4,5 հազար տոննա) սահմանը», – կարծում է Ք. Վիրգան:

Նշենք, որ Չինաստանը պողպատի խոշորագույն արտադրողն է աշխարհում: Պողպատի համաշխարհային ասոցիացիայի (WSA) տվյալներով, Չինաստանի մասնաբաժինը պողպատի համաշխարհային արտադրությունում մոտ 30 տոկոս է: Դրանով է բացատրվում մոլիբդենի որպես որակ տվող մետաղի բարձր պահանջարկը Չինաստանում: Մոլիբդենի միջազգային ասոցիացիայի (IMOA) տվյալներով, այդ երկիրն ապահովում է մոլիբդենի համաշխարհային սպառման 30 տոկոսը: Մոլիբդենի համաշխարհային գները, հիմնականում, կախված են չինական պահանջարկից, մասնավորապես, պողպատի արտադրությունից: IMOA-ի գնահատականով, մոլիբդենի համաշխարհային սպառման 70 տոկոսը բաժին է հասնում պողպատի արտադրությանը:

CPM Group-ի վերլուծաբանի կանխատեսմամբ, չինացիները կանցնեն մոլիբդենի ավելի բարձր բաղադրությամբ ձուլվածքների արտադրության: Միեւնույն ժամանակ, 2000-2010թթ. համեմատ պողպատի արտադրության քանակական ցուցանիշը որոշակիորեն կնվազի, կընկնի նաեւ նոր արտադրությունների բացման տեմպը:

Հայաստանի համար մյուս առանցքային շուկան Գերմանիան է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երկրի արտաքին առեւտրի տվյալները ներկայացնում է երկնիշ կոդերով` մոլիբդենի հետ ներառելով նաեւ ոչ մեծ քանակությամբ արտադրվող ֆերովոլֆրամը եւ ռենիումի աղերը, սակայն դրանք զգալիորեն զիջում են մոլիբդենի արտադրանքին: Ամենաթարմ տվյալները պատկանում են ԱՄՆ Երկրաբանական հետախուզման ծառայությանը (USGS): 2008թ. տվյալներով, Հայաստանը դարձել է Գերմանիային անհրաժեշտ ֆերոմոլիբդենի երրորդ խոշորագույն մատակարարը (2210 տոննա կամ գերմանական ներմուծման 13 տոկոսը): 

Մետաղաձուլական արդյունաբերության շնորհիվ մնալով հայկական ֆերոմոլիբդենի խոշոր սպառող` Գերմանիան ապագայում եւս մեծ հետաքրքրություն է ներկայացնելու հայկական արտահանման համար: Քեթրին Վիրգան նկատեց, որ եվրոգոտու խնդիրների համատեքստում Եվրոպայի մետաղաձուլական եւ քիմիական արդյունաբերություններում նկատվում է անմիջական վճարման եւ կարճաժամկետ գործարքների ծավալների կրճատում:

«Արդյունաբերական մետաղների գների աճող անկայունության հետեւանքով, շուկայի մասնակիցներն իրենց պաշարները կառավարում են ավելի շրջահայաց», – նշեց Ք. Վիրգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ