Բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը նվազել է և այժմ կազմում է մոտավորապես 800 հազար դրամ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Նա պարզաբանել է, որ 2-3 տարի առաջ այս ցուցանիշը գերազանցում էր 1 միլիոն դրամը։
Կարապետյանը հավելել է, որ ոլորտում վերջին աճը Հայաստանում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ընկերությունների և մասնագետների հոսքով։
«Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք մնացին, իսկ մի մասը հեռացավ երկրից՝ չհարմարվելով մեր էկոհամակարգին։ Դա նպաստեց ներկայիս անկմանը։ Անկման մյուս պատճառն էլ հարևան երկրներում գրավիչ հարկային քաղաքականությամբ էկոհամակարգերի ձևավորումն է։
Բացի դրանից, մեծ դեր է խաղում նաև համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը։ Այժմ տեխնոլոգիական աշխարհում ներդրումները նվազել են 70%-ով, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսությամբ, մասնավորապես՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում վիթխարի քանակությամբ էժան փողերի ներարկումով և դրան ուղեկցող գնաճով։
Դա Հայաստանում՝ իբրև եվրոպական և ամերիկյան շուկաները սպասարկող երկրի՝ հանգեցնում է աշխատատեղերի կորստի»,- ընդգծել է փորձագետը։ Ըստ նրա՝ ավելի վաղ Հայաստան ժամանած նոր մասնագետների 70 տոկոսը լքել է երկիրը։
«Միևնույն ժամանակ, եթե մինչ ռուս-ուկրաինական պատերազմը ոլորտում կար 20 հազարից մինչև 30 հազար աշխատող, ապա այժմ նրանց թիվը հասել է մոտ 50 հազարի»,- նշել է նա։
Կարապետյանը գանգատվել է, որ Հայաստանում պետական մակարդակով ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության խնդիր գոյություն ունի:
«Ցավոք, գործընթացը դանդաղ է ընթանում։ Խոսքը միայն հարկային արտոնությունների մասին չէ։ Կարևոր է բացահայտել առաջնահերթ ոլորտները և ձգտել մեծացնել ներդրումները կրթության, հետազոտական ծրագրերի և այլնի մեջ:
Արագ աճի համար անհրաժեշտ է հարյուր միլիոնավոր դոլարներ գրավել։
Ոլորտի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական պաշտոնյաների, դրանց թվում՝ Հայաստանի վարչապետի հետ, հնչել են առաջարկներ։ Հիմա սպասում ենք կառավարության արձագանքին»,- եզրափակել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը։











