«Հատկապես  2020թ. պատերազմից հետո, տեսնելով թե որքան վտանգված է Արցախի ապագան, Ռուբեն Վարդանյանի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ կարեւորագույն առաջնահերթություն։ Եվ նա համարում էր, որ այդ հարցը պիտի առաջնային դառնա ողջ հայության համար:  Ռուբենը միշտ հանդես է եկել Արցախի  ժողովրդի  շահերից և իր կողմից փորձել է հնարավոր  ու անգամ անհնարին ամեն բան անել, որպեսզի արցախցիները  շարունակեն խաղաղ ապրել իրենց բնօրրանում:  Մինչև Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելը ես անձամբ նրա հետ մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որոնց որպես հետևանք՝  Արցախ տեղափոխվելու որոշումն ավելի ամրապնդվեց նրա մոտ: Արցախ տեղափոխվելը  նրա անձնական ու գիտակցված որոշումն է եղել, քանի որ նա  համոզված էր, որ այդ դժվարին իրավիճակում պետք է լինել արցախահայության  կողքին»,- անդրադառնալով վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի մասին հնչեցրած մտքերին՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց  սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանը, ով նաև շատ լավ ճանաչում է Ռուբեն Վարդանյանին: 

«Ինձ համար Հայաստանի վարչապետի դիրքորոշումն առնվազն անհասկանալի  է Ռուբեն Վարդանյանի՝ այսինքն,  մի անձի նկատմամբ, ով հսկայական բան է արել Հայաստանի համար՝ ներդնելով հսկայական միջոցներ, իրականացնելով նշանակալից կրթական ու ենթակառուցվածքային ծրագրեր և  նախագծեր, որոնք Հայաստանն ու հայ ժողովրդին հայտնի են դարձրել ողջ աշխարհով մեկ:
Ռուբեն Վարդանյանը, լինելով ՀՀ քաղաքացի, ներկայումս ապօրինի գտնվում է Բաքվի բանտում: Եվ եթե որևէ երկրի քաղաքացի հայտնվում է մեկ այլ երկրի բանտում, այն էլ՝ ապօրինի, ու պահվում միջազգային իրավունքի բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով,  տվյալ երկրի առաջնահերթ խնդիրը դառնում է  իր քաղաքացուն ազատ արձակելը,  ոչ թե տարատեսակ  պատճառաբանություններ փնտրելը, թե ինչու դրանով չի զբաղվում»,-նկատեց Վահան Զանոյանը: