News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խորհրդի այսօրվա` դեկտեմբերի 1-ի նիստում, որը ղեկավարել է ՀՀԿ-ի ղեկավար եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Նա այժմ խորհրդարանի փոխնախագահն է եւ նաեւ ԱԺ նախագահի պաշտոնակատարը:

Որոշվել է նաեւ, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանի թեկնածությունը:

Ստորեն ներկայացնում ենք Սամվել Նիկոյանի եւ Էդուարդ Շարմազանովի կենսագրությունները:

Սամվել Պարգեւի Նիկոյան

Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում):

1982թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ինժեներ-մեխանիկ:

1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ, 1998-2003թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ:

2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2005թ. պարգեւատրվել է ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Էդուարդ Հովսեփի Շարմազանով

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2002թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը: 1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։

2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ  «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով, 2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ