News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3-ին այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մովսես Գորգիսյանի շիրիմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մովսես Գորգիսյանին նվիրված միջոցառումները շարունակվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կայացած հուշ-ցերեկույթին մասնակցել են Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարը, կրթության ու գիտության նախարարը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Խոսելով Մովսես Գորգիսյանի մասին՝ նրա այրի Ռուզաննա Գորգիսյանը մասնավորապես ասել է. «Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս նահատակների հետ, իմ երկրի հպարտություն հանդիսացող բանակի հետ: Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը: Մեր` Զինված ուժերի զորամասեր կատարած այցերից շատ տպավորված եմ եւ վստահ եմ՝ ինչ պատերազմ էլ լինի, միեւնույն է մենք հաղթելու ենք»:

Մովսես Գորգիսյանի մասին իր գնահատանքի խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, եւ այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը: Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ որպես պաշտպանության նախարար վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում եւ ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ անառիկ է պահելու մեր պետության սահմանները»:

Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների պարգեւատրել է պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով:

Միջոցառումն ուղեկցվել է ասմունքով, Երգի պետական թատրոնի երգչախմբի եւ ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի ելույթներով, ինչպես նաեւ՝ Մովսես Գորգիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմի ցուցադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ