Հայաստանի տնտեսությունում արտահաման ներուժ ունի 11 ոլորտ: Այս մասին ՀՀԿ տնտեսական համաժողովում հայտարարել է «Տնտեսություն եւ արժեքներ» (EV) հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:
Ներկայացնելով Հայաստանի արդյունբերության արտահանման ռազմավարությունը` նա նշել է, որ արտահանման ամենամեծ ներուժն ունեն կոնյակագործության, գինեգործության, ոսկերչության, ադամանդի վերամշակման, թեթեւ արդյունաբերության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների, պահածոների, հանքային ջրի, հյութերի արտադրության, ճշգրիտ ինժեներիայի ոլորտները:
Կոնյակի արտադրության, դեղագործական եւ ճշգրիտ սարքավորումների արտադրության ոլորտում մասնավոր հատվածի հետ արդեն մշակվել են զարգացման ծրագրեր:
Համաձայն ռազմավարության` մինչեւ 2015 թ-ը վերամշակող արդյունաբերության արտադրողականության միջին տարեկան աճը կկազմի 5%: ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2015 թ-ին նախատեսվում է հասցնել մինչեւ 16%-ի (3,5 մլրդ դոլար), 2020թ-ին` մինչեւ 19%-ի (5 -6 մլրդ դոլար)` 2010 թ. 11%-ի դիմաց: