ՆԱՏՕ-ն բացատրություններ է տվել, թե որտեղից է Իրանի օդային տարածքում հայտնվել անօդաչու թռչող սարք, որն ըստ Իրանի զինվորականների, խփվել է դեկտեմբերի 4-ին:

Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի շտաբում հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքը հնարավոր է, կորել է նախորդ շաբաթ` Աֆղանստանում տեղի ունեցած վարժանքների ժամանակ:

Կոալիցիոն ուժերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կարող է լինել ամերիկյան սարք, որը առաքելություն էր իրականացնում Աֆղանստանի արեւմտյան մասում: Օպերատորները կորցրել են թռչող սարքի վերահսկողությունը եւ հիմա փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Պենտագոնում նշում են, որ արված հայտարարությանը ոչ մի բան ավելացնել չեն կարող, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ ըստ իրանական լրատվամիջոցների, այդ երկրի հակաօդային ուժերը ամերիկյան անօդաչու թռչող սարք են խփել: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմում հայտարարել էին, որ այդ միջադեպի մասին ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունեն: