News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի առջեւ այսօր` դեկտեմբերի 8-ին, ուշագնաց եղավ բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:

Կառավարության նիստին զուգահեռ այսօր, հերթական անգամ, տեղի էր ունենում բանակում զոհվածների ծնողների բողոքի ակցիան: Նիստի ավարտից հետո Գ. Սարգսյանը մոտեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պարզաբանում ստանալու, թե ինչու չի բացահայտվում իր տղայի սպանությունը: Ս. Օհանյանը խոստացավ մեկ անգամ եւս նայել գործը, ինչպես նաեւ կնոջն առաջարկեց իր մոտ ընդունելության գալ:

Բանն այն է, որ տարիներ շարունակ պաշտոնապես նշվում էր, որ Տիգրան Օհանջանյանը մահացել է էլեկտրահարումից, եւ միայն վերջերս փորձաքննության արդյունքներով հերքվել է այդ վարկածը:

Գոհար Սարգսյանը նախարարի հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի պնդում էր, թե իր տղան ոչ թե էլեկտրահարվել է, այլ սպանվել, բայց միայն 5 տարի հետո հետաքննությունը հաստատեց սպանության լուրը:

Այնուհետ պաշտպանության նախարարը հեռացավ, սակայն բորբոքված տիկինը շարունակեց շփվել լրագրողների հետ, որից հետո ուշագնաց եղավ: Հերթապահություն կատարող ոստիկաները շտապ օգնություն կանչեցին, որը տեղ հասավ 9 րոպեից:

Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ փորձաքննության արդյունքներից հետո քննչական մարմինները փորձում են կոծկել իրենց տղայի մահվան հանգամանքները: Նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, իրեն խոստացել են որ ամեն ինչ կանեն իր տղայի սպանության գործը բացահայտելու ուղղությամբ, սակայն ոչինչ չեն արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ