Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Այս փաթեթի համաձայն աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը, աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ փոփոխություններ են կատարվում նաև հարակից օրենքներում:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ըստ գործող կարգավորումների, ստեղծվում են աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) պետք է հանդիսանան համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները:

Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել:

Միաժամանակ, ՀՀ տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա:

Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել Անվտանգության խորհրդի կողմից հաստատվող ՀՀ պաշտպանության պլանում ներառել նաև ՀՀ տարածքային պաշտպանության պլանը՝ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարաբերությունները կարգավորող համապատասխան օրենքներում ևս կատարել անհրաժեշտ փոփոխություններ: