«ArmSat-1» արբանյակը ուղեծիր ուղարկելով խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ԲՏԱ նախարարը բացահայտումներ է արել տիեզերք ուղարկած արբանյակի վերաբերյալ, Հայրապետյանն ասաց․ «Ես սովորություն չունեմ կուսակցական փակ քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու։ Եթե որոշակի տեղեկատվության արտահոսք է եղել, տվյալ տեղեկատվական արտահոսքն ապահովող մարդիկ չեն կիսի իմ մոտեցումը։ Այն, ինչ ներթիմային քննարկման համար է, ապա դա ներթիմային քննարկման համար է։ Ենթադրում եմ՝ «ArmSat-1» արբանյակի մասին էր հարցը․ որևէ աղմկահարույց տեղեկատվության ես չեմ տիրապետում։ Աչքովս ընկել են միլիոնավոր և մեկ տեղ էլ միլիարդավոր դոլարների մասին գրված հոդվածներ, դա միայն ծիծաղ է առաջացնում։ Նշանակում է՝ մամուլից եմ լսել, դա նշանակում է, որ ես նման գնահատականներ տալ չեմ կարող, որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել»։

Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմքում եղել է ընդհանրապես գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է արբանյակ ունենալու տարբերակը․ «Այն տեսալուսանկարահանող արբանյակ է, առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ունենալ արբանյակ, այլ նաև կառավարել և կառավարելու հմտություններ ձեռք բերել, որը ապագայի մեջ ներդրում է։ Այսօրվանից մենք և մեր մասնագիտական թիմերը ամբողջությամբ ստանձնել են «ArmSat-1» արբանյակի կառավարումը։ Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով, դրանք չեն կարող լինել աշխարհի մյուս արբանյակների նման որակ ապահովող լուսանկարներ, բայց ի սկզբանե մենք նմանօրինակ խնդիր չենք էլ դրել։ 8 միլիոն դոլարի ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի»։

Հայրապետյանն ասաց, որ այժմ արբանյակը գործում է և անում է լուսանկարներ․ «Կարող եմ ասել այն, ինչ ունենք այս պահին։ Այսինքն՝ արբանյակը չգործելու կամ որ այս պահին գոյություն չունի, ես նման տեղեկատվություն չունեմ։ Նույնիսկ երեկվա արված լուսանկարներ կան։ Մենք չունենք տեղեկություն, որ արբանյակը ընկնելու է, բայց մի օր ընկնելու է։ Այսինքն՝ արբանյակների համար կոնկրետ ժամկետներ են լինում, երբ մասնավոր ընկերությունները ձեռք են բերում, այդ երաշխիքները կան կոնկրետ ժամանակահատվածի համար, եթե այդ ժամանակահատվածն անցնում է և արբանյակի հետ ոչինչ տեղի չի ունենում, բնականաբար վաճառող ընկերության համար հետևանք չի կարող ունենալ։

Հայ ինժեներները առաջին անգամ կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է վարվել արբանյակի հետ, ինչպես է հնարավոր կառավարել արբանյակը, ինչպես կարելի է շտկել որոշակի ի հայտ եկող խնդիրները։ Սա տալիս է հնարավորություն ընդհանրապես տիեզերական գործունեության ռազմավարական մեր քայլերում ունենալ ավելի շատ հողեղեն, կոնկրետ պատկերացնումներ, այլ ոչ թե պարզապես կենացային տրամաբանություն։ Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի ներսում գիտական և հետազոտական կոնկրետ կամպետեցիաներ կենտրոնացվեն»։

Հայրապետյանի խոսքով՝ արբանյակը արել է լուսանկարներ, որոնք պետական գաղտնիք են պարունակում։