News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Բանանցի համար 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը չափազանց անհաջող սկիզբ ունեցավ: 2010թ. Հայաստանի փոխչեմպիոնն առաջին շրջանում ոչ մի հաղթանակ չտարավ, պարտվեց նաեւ երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Գլխավոր մարզչի պաշտոնում Ստեւիցա Կուզմանոսկուն փոխարինեց Ռաֆայել Նազարյանը: Ոչ անմիջապես, սակայն Բանանցը սկսեց միավորներ հավաքել եւ բարձրության վրա անցկարցեց առաջնության վերջնամասը: Թիմն ուներ երկրորդ տեղ գրավելու հնարավորություն, սակայն բավարարվեց միայն չորրորդ տեղով: Բանանցը դուրս մնաց նաեւ 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկությունից: Վերջին հինգ տարում առաջին անգամ Բանանցը հանդես չի գա եվրագավաթում: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի կարծիքով, այս տարվա արդյունքներն անբավարար են, սակայն Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ թիմը զգալի առաջընթաց ունի:

«Թիմը հավասար չանցկացրեց առաջնությունը` ձախողելով առաջին կեսը: Բանանցը մարզավիճակ հավաքեց երրորդ եւ չորրորդ շրջաններում: Բանանցի առջեւ միշտ բարձր խնդիրներ են դրվում: 2011թ. արդյունքները բավարար գնահատել հնարավոր չէ: Սակայն Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ թիմը խաղային ձեռագիր է ձեռք բերել եւ զգացվում է զգալի խաղային առաջընթաց: Այդ ամենը հիմք է տալիս լավ արդյունքներ ակնկալել հաջորդ տարի»,- նշեց Սարգիս Իսրայելյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կարծում է, որ Բանանցի հնարավորություններով ակումբը չի կարող ամբողջությամբ ձախողել առաջնության որեւէ հատված:

«Ես գլխավորեցի թիմն առաջին շրջանից հետո: Առաջին հերթին, ես ցանկանում է, որ ֆուտբոլիստներն այլ կերպ մտածեին խաղի մասին: Անկախ մրցակցից, յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստը պետք է դրսեւորի իր հնարավորությունների առավելագույնը: Թիմը պետք է ունենա խաղային ձեռագիր: Ինձ եւ իմ օգնականներին հաջողվեց որոշակիորեն բարելավել թիմի խաղը, սակայն դեռ մեծ աշխատանք կա անելու: Առաջին շրջանից հետո Բանանցն ընթանում էր նախավերջին տեղում, եւ շատերը չէին հավատում, որ թիմը կարող է հավակնել երկրորդ տեղի: Արդյունքում` մենք գրավեցինք չորրորդ տեղը, սակայն լավ հնարավորություն ունեիքն հայտնվել մրցանակային եռյակում: Ընդհանուր արդյունքը թիմին չի բավարարում: Բայց խաղի բարելավում կա: Այսպիսի հնարավորություններ ունեցող ակումբը չի կարող ձախողել առաջնության որեւէ հատված, իսկ հետո վերադարձնել կորցրածը: Կանենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ առաջնությունում Բանանցը սովորականի նման պայքարի բարձր տեղերի համար»,- հայտարարեց Ռաֆայել Նազարյանը:

Թիմի առաջատար խաղացողներից մեկը` Արթուր Եդիգարյանը Բանանցում է խաղում 2011թ. մայիսից:

«Թիմն անհաջող հանդես եկավ առաջնության առաջին երկու շրջաններում, բայց Ռաֆայել Նազարյանի գալուց հետո թիմի խաղն աստիճնաբար կայունացավ եւ առաջնության երկրորդ կեսը Բանանցը բավական լավ անցկացրեց: Մենք կարող էինք, նույնիսկ, երկրորդ տեղը գրավել, բայց վերջին պահին թիմը չդիմացավ լարվածությանը: Կարծում եմ դեր խաղաց հոգեբանական գործոնը: Բայց վստահ եմ, որ Բանանցը ճիշտ ուղու վրա է եւ իր խոսքը կասի հաջորդ առաջնությունում»,- նշեց Արթուր Եդիգարյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ