Փաշինյանը նպատակ ունի զոմբիացնել, վախեցնել զոհ դարձնել սթրեսի մեջ գտնվող հասարակությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Եվ խոսույթը հասարակության մեջ հետևյալն է. բա ի՞նչ անենք, ռուսները մեզ գցել են, Նիկոլը ոչինչ չի կարող անել, չորս կողմը թշնամական վերաբերվող երկրներ են: Բայց ո՞վ է սրա մեղավորը, ինչու՞ հասանք մենք սրան։ Եվ ինքը գնալով ավելի է ակտիվացնում մեր հասարակությունը խեղճացնելու, հասարակությանը թուլացնելու գործընթացը:
Նա ինքնության ոչնչացման ծրագիր է իրականացնում, իսկ դա մեծ համալիր է։ Միշտ բոլոր ազգերի ներքին կանոնության հիմնական թեման սա է՝ ուժեղացնել հասարակությունը։ Հասարակության մեջ ստեղծել հանդուրժողականության, ներողամտության մթնոլորտ, որը կարող է նպաստել արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։
Օրինակ, բանակի սրբագործումը մեծագույն սխալ համարելը լրջագույն դավաճանություն է, մեր ինքնապաշտպանության, մեր պաշտպանության համակարգին։ Թշնամանքի մթնոլորտը մշակույթի հետ, եկեղեցու հետ, պատմության հետ, Արևմտյան Հայաստանի մասին այդ հիմարությունը: Սփյուռքը թքել է արդեն Հայաստանի հետ, Հայաստանի հետ չի կապում որևէ բան, որովհետև ամբողջ սփյուռքի գոյությունը դա Արևմտյան Հայաստանի արդյունքն է: Եվ մարդը ինչքան պիտի տգետ լինի, չկարդացած կամ դավաճան լինի, որ Արեւմտյան Հայաստանի այդ պատմական իրողությունը մերժի»,- հայտարարեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի մեջ վեճ գոյություն չունի, չկա այդտեղ կոնֆլիկտ։
Նա անդրադարձավ նաեւ կրթական ոլորտում իրավիճակին. «Կրթության նկատմամբ այս ի՞նչ ոճիր է իրականացվում։ Ուսանողությանը քշել Երևանից, վերջին հաշվով բոլորը գիտեն ուսանողությունը հասարակության սերուցքն է, ակտիվն է, ծիծաղն է, ժպիտն է, ֆիլմն է, երաժշտությունն է, սերն է, դու քշում ես այդ ամենին ու՞ր»:
Արամ Մանուկյանի խոսքով, չորս տարվա ընթացքում 106 քրեական գործ է հարուցվել բանակում կատարված հանցագործությունների և սպանությունների առումով, իսկ միջին թվերը ողբերգական են, խաղաղ պայմաններում տարեկան 30-35 զոհ ենք ունենում։
Եթե դու երկրի ղեկավար ես, եթե դու հայրական վերաբերմունք ունես, ապա այդ գործեր առաջնահերթ և արագ պետք է բացահայտվեին։ Մինչդեռ 106 քրեական հարուցված գործից 7%-ն է դատարանի վճռի հասել»:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր սրբությունների վրա աղբ է լցնում, ոչնչացնում է, մկրատում է, խեղճացնում է»:











