Գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 %-ի սեփականատերն է, պաշտոնապես պատասխանել է հայկական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի, սահմանամերձ Քաջարան գյուղը պետք է տարհանվի` հանքն ընդլայնելու պատճառով:

«Հայաստանի կառավարությունը այս տարվա ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի համապատասխան համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ` փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»,-նշված է հայտարարության մեջ: Սակայն «Քրոնիմետ մայնինգը» երաշխավորում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստ է քննարկել քաղաքացիների ցանկացած դիմում` հնարավորինս շահավետ եւ ընդունելի լուծումներ տրամադրելու համար:

Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրապետության խոշորագույն հարկատուն է, ապահովում է ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը, իրականացրել է 400 մլն դոլարի ներդրումներ, աշխատանքով ապահովում է 3100 մարդու: