News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 13-ին, շարունակվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան  գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում վկայություն է տվել գործով առանցքային վկաներից մեկը` զինծառայող Արման Մնացականյանը: Վերջինիս ցուցմունքները կազմում են նախաքննական վարկածի հիմքը: Մնացականյանը պետք է զորացրված լիներ դեռ դեկտեմբերի 4-ին, սակայն դեռ գտնվում է ծառայության մեջ, եւ այսօր էլ, ինչպես մեզ հայտնեց Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, դատարան էր եկել ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Տուժողի իրավահաջորդներն ու ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին նրան հարցաքննել զորացրումից հետո, սակայն դատավորը չէր բավարարել միջնորդությունը:

Վկան դատարանում պնդել է, թե շատ բան չի հիշում, սակայն այդուհանդերձ մի քանի կարեւոր հայտարարություններ է արել: Նա մի քանի անգամ նշել է, թե դեպքը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես նշվում է պաշտոնական վարկածում, այլ մեկ օր առաջ՝ հուլիսի 26-ին: Վկան նաեւ խոստովանել է, որ դեպքից հետո իրեն իր բոլոր ծառայակիցներին տարել են ռազմական ոստիկանություն եւ բավական երկար պահել այնտեղ: Կոնկրետ իրեն Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում պահել են 23 օր, ապա տեղափոխել Երեւան:

Մնացականյանի հարցաքննությունը շարունակվելու է վաղը` դեկտեմբերի 14-ին նշանակված դատական նիստում:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:

Տպել
Ամենաշատ