News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարեւաններ են եղել՝ երկու սահմանակից, ինքնիշխան պետություններ, եւ այսօր էլ Հայաստանն ու Իտալիան շարունակում են պատմական այդ ամուր հիմքի վրա արդյունավետ համագործակցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այսօր Հռոմի կենտրոնում տեղի է ունենում 13-րդ դարի հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը, Նախագահի խոսքով, «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ-իտալական բարեկամության հարատեւությունը: Այն նաեւ մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների եւ քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու եւ հաղորդակից լինելու հայկական մշակույթին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա, եւ հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացման գործում քաղաքապետ Ջանի Ալեմանոյի ներդրումն ավելի զգալի կդառնա: Հանրապետության ղեկավարը Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումը պատեհ առիթ է համարել շնորհակալություն հայտնելու ս.թ. նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպումից հետո Հռոմի եւ Երեւանի քաղաքապետները Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, բացել են հայկական խաչքարը:

Հանրապետության ղեկավարն այնուհետեւ այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի ուշ կավարտվի Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:

Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Օրվա ավարտին նախատեսվում է Նախագահի հանդիպումը Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ