Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա ավելացրեց. «Պարզ չէ՞, թե ինչի համար եմ հրաժարվել: Ինձ կանչել են պայմանագիր ներկայացրել, որ ստորագրեմ: Խոսքը կառավարության որոշման մասին է, որին ես դեմ եմ: Դրա կապակցությամբ ես բազմիցս բողոքել եմ, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել: Իսկ երեկ ինձ կանչել են, որ պայմանագիրը ստորագրեմ եւ ճնշումների արդյունքում հրաժարական եմ տվել»:
Հարցին, թե արդյոք, իր հրաժարականը կնպաստի, որ կառավարության որոշումը չիրականացվի, նա արձագանքեց. «Էլ ի՞նչ անեմ: Ես իմ գյուղում եմ, իմ հողում եմ, իմ տանն եմ, իմ ժողովրդի հետ եմ: Ժողովուրդն էլ ինձ հետ է եւ պայքարելու եմ մինչեւ իմ կյանքի վերջը եւ չեմ թողնելու մեկն էլ մտածի, որ իմ հողը պետք է մտնի եւ իմ մամայիս գերեզմանը քանդի: Այդ ժամանակ արդեն Աստծո դատաստանը կտեսնեն»:
Ի դեպ, գյուղապետը նշեց, որ կամավոր է հրաժարական ներկայացրել:
Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն: Ըստ այդմ` ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի ոստիկանապետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: Քաջարան գյուղի բնակիչների մի խումբ հավաքվել է Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:
Ըստ երեւույթին` գյուղացիների ճնշման ներքո, 19:00-ի սահմաններում գյուղապետին ազատ են արձակել: Ավելին` արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:



























