Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն այցելել է Սիրիայի հետ սահման և հանդիպել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ, հայտնում է Times of Israel-ը։
Քեմփ Զիվանտ ճամբարում տեղակայված ՄԱԿ-ի Անջատման դիտորդական ուժերի բազայում Սաարը հանդիպել է գեներալ-մայոր Պատրիկ Գոշային՝ UNDOF զինադադարի վերահսկողության հրամանատարին, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի սահմանը հսկող ուժերի այլ բարձրաստիճան սպաների:
Հայտարարության մեջ Սաարը նշել է, որ «այնտեղ գովասանք է լսել Իսրայելի հետ համագործակցության համար առհասարակ և Իսրայելի պաշտպանության բանակի հետ մասնավորապես»:
«Մենք քննարկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի և նրանց ուժերի միջև արդյունավետ համագործակցությունը։ UNDOF-ի ուժերը հարձակման են ենթարկվել ծայրահեղական զինված խմբավորումների կողմից բուֆերային գոտում՝ խախտելով Անջատման համաձայնագիրը: Իսրայելը ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և չի վտանգի սեփական անվտանգությունը։ Մենք ոչ մի ճակատում թույլ չենք տա հոկտեմբերի 7-ի դեպքերի կրկնությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։





























