Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր` դեկտեմբերի 16-ին նոր խռովություններ են սկսվել:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», հարյուրավոր ցուցարարներ քարեր եւ վառվող հեղուկով շշեր են նետել զինվորական ոստիկանության վրա` արժանանալով ջրի շիթերի եւ դեպի օդ կրակոցների:
Նշվում է, որ անկարգությունները սկսվել են նախօրեին երեկոյան, երբ ակտիվիստներից մեկը ինտերնետում լուսանկարներ էր դրել, թե ինչպես են զինվորականները ծեծում ցուցարարի ձերբակալությունից հետո:
«Ուտրո.ru»-ն նկատում է, որ ցույցի մասնակիցները հայտնել են, թե իրենցից մեկին ձերբակալել են, սակայն իշխանությունները հերքել են ձերբակալության փաստը:
Բախումների արդյունքում վիրավորների թիվը գերազանցել է 50-ը: Այրվել են 3 մեքենաներ եւ մի քանի կրպակներ: Կրակը տարածվել է կառավարական համալիրի շենքերից մեկի վրա, գրում է MIGnews-ը:











