Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզուն պատուհասած Washi ուժեղագույն թայֆունի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 143-ի, մի քանիսը վիրավորվել են, 100 մարդ անհետ կորած է համարվում:
Տարերքը վրա է հասել պետության հարավային կղզիներին` ընդգրկելով զգալի տարածքներ, ներառյալ` մի քանի խոշոր քաղաքներ, եւ առանց էլեկտրականության թողնելով ֆիլիպինցիներին: Զոհերի մեծամասնությունը Իլիգա եւ Կագայան դը Օրո քաղաքների բնակիչներ են: Մոտավորապես 20 հազար մարդ տարհանվել է: Չի բացառվում, որ կաթոլիկական Սուրբ Ծնունդը նրանք տարհանման կենտրոններում դիմավորեն:
Ֆիլիպիններում Կարմիր խաչի ներկայացուցիչը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է, որ տարերքն աննախադեպ էր: Թայֆունից տուժած Իլիգա քաղաքի քաղաքապետը տեղեկացրել է, որ փոթորիկն անսպասելի է վրա հասել, երբ բնակիչներից շատերը քնած են եղել:
Ֆիլիպինցի փրկարարների ղեկավար Բենիտո Ռամոսը հեռուստաալիքին պատմել է, որ վերջին օրերին տարածաշրջանում գրեթե 25 մմ տեղումներ են եղել: Տեղի բնակիչների համար տարերքի հարվածն անակնկալ է եղել, քանի որ Ֆիլիպինների այդ հատվածում նման բան հազվադեպ է պատահում:
Թայֆունն այս պահին հեռացել է Մինդանաոյից դեպի Սուլու ծով: Ինչպես սպասվում է, այն այսօր գիշերը կհասնի Մինդանաոյից հյուսիս-արեւմուտք գտնվող Փալավան կղզի: Այնտեղ արդեն փոթորկի մասին նախազգուշացում է արվել: Ֆիլիպինցի օդերեւութաբանների հաշվարկներով` դեկտեմբերի 18-ի առավոտյան փոթորիկը պետք է վերջնականապես լքի երկրի տարածքը, գրում է utro.ru-ն:




























