News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Շիրակի հոգեւոր ղեկավարից հետաքրքրվել են քաղաքում հայտնված գիշերային ակումբի ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շքեղ հյուրանոցի մասին: «Աղքատ քաղաքում այդպիսի հյուրանոց կառուցելը Միքայել Աջապահյանը բարոյական խնդիր է համարում, իսկ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբի գոյությունը համարում է անբարոյական: «Ես ցավում եմ, որ հնչել է նման արտահայտություն, թե գյումրեցին իրավունք չունի՞ մերկապարուհիներ ունենալու: Շատ բաներ ունենալու իրավունք ունի գյումրեցին, բաց, իբրեւ քրիստոնյա, անշուշտ իրավունք չունի ունենալու ոչ գիշերային ակումբ, ոչ էլ առավել եւս մերկապարուհիներ: Գիշերային ակումբի գոյությունը մի նվաճում, առաջխաղացում չէ , այլ բարոյականության անկման մասին է վկայում: Մերկապարուհիներ ունենալ-չունենալն էլ չափանիշ չէ անկիրթ կամ զարգացած լինելու, սա քրիստոնեական բարոյականությունից հեռու կամ մոտիկ լինելու չափանիշ է: Իհարկե, եթե հարցը դիտում ես անկրոնության հարթության վրա եւ չկա քրիստոնեություն ու կրոնական զգացում, անշուշտ, ամեն ինչ էլ կարող է լինել քաղաքում, հասարակաց տներ էլ կարող են լինել»:

Սրբազանի կարծիքով այդպիսի օբյեկտներ չպիտի բացվեն քաղաքում, բայց եթե նույնիսկ բացվում են ինչ-որ մեկի ջանքով, պիտի պարապուրդի մատնվեն: «Որ ասում են` ակումբի պահանջարկ կա, ուրեմն պիտի լինի, շատ բաների պահանջարկ էլ կա, թմրանյութի պահանջարկ էլ կա, վաճառեք թմրանյութը, ինչո՞ւ չեք վաճառում: Սա էլ հոգեւոր թմրանյութ է: Անբարոյական մթնոլորտի մեջ ենք ապրում ու, ցավոք, ընդունում ենք որպես նորմալ քրիստոնեություն»:

Ըստ սրբազանի, բարոյական իմաստով այնքան ենք ապուշացել, որ Մայր տաճար տանող ճանապարհը լցրել ենք անբարոյական օբյեկտներով` կազինոներով ու գիշերային ակումբներով:

Անդրադառնալով քաղաքապետի աչք ծակող հյուրանոցին, Միքայել Աջապահյանը դարձյալ գտնում է, որ անօթեւաններ ունեցող քաղաքում այդպիսի շքեղ հյուրանոց կառուցելը բարոյականության հարց է :«Ես շքեղ հյուրանոցի դեմ չեմ, թող լինի, եթե այդ հյուրանոցը պետք է օգնի զբոսաշրջությանը, որպեսզի էստեղ հյուրեր գան, մնան, դրամ ծախսեն ու էս քաղաքին օգուտ լինի, թող լինի, ինչ կա որ: Ուրեմն քաղաքի հարթությունից անհատական հարթություն պետք է բերեք, որ իմանաք՝ լա՞վ բան է, թե՞ վատ: Քաղաքի համար լավ բան է, ամբողջ աշխարհում էլ շքեղությունն ու աղքատությունը կողք կողքի քայլում են, չկա էդպիսի երկիր, որտեղ ծայրահեղ շքեղության կողքին ծայրահեղ աղքատություն չլինի: Հիմա մեր քաղաքն էլ կարող է ունենալ շքեղ հյուրանոց եւ ծայրահեղ աղքատներ: Ուրեմն դա քաղաքի ընդհանուր խնդիրը չէ, դա յուրաքանչյուր մարդու բարոյականության խնդիրն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Աջապահյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ