News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում բնակչության ավանդների գումարը հասել է  գրեթե 443,6 մլրդ դրամի`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 120,2 մլրդ դրամով կամ  37,2%-ով:

Հասկանալի է, որ մարդիկ գումարները խնայում են ոչ առօրեական ծախսերից: Այս տեսանկյունից կարող է տարակուսանք առաջացնել վերոնշյալ ավանդների ծավալների ավելացման եւ մանրածախ առեւտրաշրջանառության միջեւ անհամամասնությունը: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի աճը կազմել է ընդամենը 2,8%, իսկ հոկտեմբերին` հասել է զրոյի:

Տեղեկանքի կարգով նշենք, որ  հունվար -հոկտեմբերին ամսական մեկ շնչին ընկնող մանրածախ առեւտրաշրջանառության միջին  ծավալը կազմել է  մոտ  24,5 հազ. դրամ:

Այսպիսով, ապրանքների սպառման խիստ ցածր մակարդակի եւ վերջին շրջանում նկատելի գնաճի պայմաններում  «բնակչության» ավանդներն առեւտրային բանկերում կտրուկ աճում են...

Սրանից կարելի է մեկ եզրահանգում անել. ի տարբերություն խորհրդային շրջանի,  երբ գրեթե յուրաքանչյուր ընտանիք ավանդ ուներ, ներկայումս խնայողություն ունենալն անհասանելի շքեղություն է շատ ընտանիքների համար:

Եթե ավանդների գումարը հավասարաչափ բաշխվի բնակչության մեջ, ապա յուրաքանչյուր ընտանիք կունենա մոտ 570 հազ. դրամի խանայողություն:

Համաձայն հետազոտությունների`  արտերկրից տրանսֆերտներ ստացող ընտանիքները միան դրա չնչին մասն են  կարողանում խնայել: Ելնելով սրանից` կարելի է եզրակացնել, որ արտարժույթով ավանդներ ունեցողներն այլ խավի են  պատկանում: Իսկ արտարժույթով ավանդների ծավալն ավելի նշանակալի է:

Այսպիսով, հոկտեմբերի վերջի դրությամբ,  արտարժույթով ավանդաների ծավալը կազմել է 318,4 մլրդ դրամ կամ ավանդների ողջ ծավալի 71,8%-ը:

Դրամային ավանդների բացարձակ աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 41,8  մլրդ դրամ, արտարժութային ավանդներինը` 78,3 մլրդ դրամ  կամ 1,9 անգամ ավելի: Այսպիսով, չնայած ֆինանսական շուկայի կարգավորմանն ուղղված քայլերին,  մեր քաղաքացիների սերը «կանաչների» նկատմամբ բավականին կայուն է: Ընդ որում, մեր քաղաքացիները նախապատվություն են տալիս նաեւ եվրոյին: 

Այս միտումը բանկերին ստիպում է ավելացնել նաեւ տարեկան տոկոսադրույքը: Այսպես, մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջին տոկոսադրույքը 9,05%-ից հասել է  9,22%-ի: Միաժամանակ` նվազել է վարկավորման տոկոսադրույքը` 18,29%-ից մինչեւ 17,89%: Արդյունքում` բանկերի միջին մարժան կրճատվել է 0,57 տոկոսային կետով` հոկտեմբերին կազմելով 8,67%:

Նշենք, որ այս տեղաշարժերն արդեն հստակ միտում են դրսեւորում: Այսպես, անցած տարի մարտի վերջի տվյալով` ավանդների միջին տոկոսադրույքը նկատելի ցածր էր ներկայիս ցուցանիշներից` 8,54%, իսկ ահա վարկային տոկոսադրույքը բարձր էր`  19,10%, այնպես որ մարժան արտահայտվում էր երկնիշ թվով` 10,56%:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ