News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

2012թ նորաձեւության տենդենցները տարբեր են, այն թելադրում է տարբեր ճյուղեր եւ ամեն մեկը կկարողանա գտնել այն ամենը, ինչը ցանկանում է եւ իր ոճին համապատասխան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը: Նրա խոսքով` ակտուալ են  բոլոր վառ գույները` կարմիրը, կորալի երանգները,  ծովային բոլոր գույները` սկսած կապույտից, կանաչից, փիրուզից:

Նա խորհուրդ է տալիս այդ ամենն անպայման համադրել մետաղի հետ, նախընտրելի է, որ այն լինի վառ ոսկեգույն կամ արծաթե: Միկայի խոսքով` Ամանորի գիշերը խորհուրդ է տրվում կրել սեւ գույնի զգեստ ոսկեգույն զարդերով: «Նորաձեւությունը թելադրում է տարբեր բաներ, եւ ըստ նախընտրության` մարդ կարող է ընտրել բարձրակրունկ, բարձր ճիտքերով կոշիկներ, կարճ կամ երկար փեշ, որն արդեն երկու սեզոն է` պահպանվում է: Ռոմանտիկ կիսաշրջագեստներ են շատ ակտուալ, մի քանի շերտանի, շղարշից, մետաքսից»,- ասաց նա:

Դիզայները նշեց, որ շատ հայտնի դիզայներներ այս տարի օգտագործել են մեծ քանակությամբ կաշի, որը կարող է կիրառվել ինչպես պիջակների, այնպես էլ կիսաշրջագեստների մեջ: Պայուսակների մեջ պահպանվում են թե մեծ, թե փոքր տեսակները` կախված, թե ինչ ես կրում եւ որտեղ ես գնում: «Եթե մարդ կրում է երեկոյան կամ կոկտեյլային զգեստ, ապա հավանական է, որ կվերցնի կլաչ, եւ ինչքան  շատ վրան լինի մետաղ, այդքան նորաձեւ է այն»,- ասաց Միկան:

Հարցին, թե ի՞նչ կրեն տղամարդիկ Ամանորի գիշերը, դիզայները պատասխանեց,  որ դա կախված է նրանից, թե որտեղ են նրանք անցկացնում Ամանորը:  Օրինակ` ակումբում նրանք պետք է լինեն ակումբային ոճում, մասնավորապես` վելվետից, թավշյա կտորից պիջակներ, տրորված, ճմրթված ջինսերի հետ: Եթե տղամարդը Ամանորը նշելու է տանը, խորհուրդ է տրվում կրել գործված բլուզներ, որը կարելի է համադրել վելվետների եւ ջինսերի հետ: Միկայի խոսքով` ֆուրշետի կամ բանկետի մասնակցելու դեպքում` տղամարդը պետք է կրի ֆրակներ եւ սմոքինգներ: Խորհուրդ չի տրվում այդպիսի միջոցառումներին կրել խիստ գործնական ոճի կոստյում. «Մեզ մոտ շատ տղամարդիկ նույնիսկ օբյեկտ գնում են խիստ գործնական ոճի կոստյումներով, դա կարող է թողնել տպավորություն, որ նրանք ոչ թե եկել են Նոր տարի նշելու, այլ թիկնապահ են կամ դռնապահ»,- նշեց դիզայները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news