2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների 11,3 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, եթե ընտրությունները կայանան առաջիկա կիրակի։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

Փորձագետը նշել է, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենացածր ցուցանիշն է։ Նա ավելացրել է, որ «Ժողովրդավարություն, իրավունք եւ կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 6,8 տոկոսը, «Հայաստան» դաշինքին՝ 6,5 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2,4 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2.3 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.8 «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 0.9, «Հանուն հայրենիքի» շարժմանը՝ 0,5 տոկոսը:

«Հարցվածների 13.3 տոկոսը բոլորին դեմ կքվեարկեր, 27.2 տոկոսը կհրաժարվեր ընտրություններին մասնակցելուց, 10.2 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 15.4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշել է Նավասարդյանը։