News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարությանը մտահոգում են զինված ուժերում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերը։  Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նախ` դա ուղղակի ազդում է բանակի մարտունակության վրա: Երկրորդը՝ մենք գտնում ենք, որ մենք պատասխանատու ենք դրա համար, հասարակության բողոքը տեղին է եւ մենք վճռական ենք ու տարեցտարի աշխատանքները շարունակելու ենք, որ իսպառ վերացնենք»,-հայտարարել է Մովսես Հակոբյանը:

Նախարարի խոսքով`նախորդ տարվա համեմատ այս տարի Պաշտպանության բանակում զոհերի քանակը նվազել է 23 տոկոսով, իսկ վիրավորների թիվը` 30 տոկոսով: Մովսես Հակոբյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ դժգոհ է բանակի կարգապահության աստիճանից։ Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց դեռ բավարար չէ, ասել է նա։

Մովսես Հակոբյանը նշել է, որ տարին բանակի համար եղել է բավականին դժվար։ Այդ համատեքստում նախարարը ընդգծեց առաջնագծում տիրող չափազանց լարված իրավիճակը, ինչի արդյունքում այս տարի զոհվել են 11 հոգի եւ 34 հոգի էլ վիրավորվել են: Նախարարը վստահեցրել է, որ այդ զինվորները տուժել են մարտական հերթապահության ժամանակ` դիպուկահարի գնդակից: Բոլոր զոհվածները, բացառությամբ մեկ դեպքի, մահացու վնասվածք են ստացել գլխի շրջանում։ «Մենք վճռական ենք հակառակորդին սանձելու հարցում։ Այս նկատառումից ելնելով մենք բոլոր դիրքերն այսօր կահավորել ենք, որպեսզի հնարավոր լինի շրջանաձեւ, անվտանգ դիտարկում իրականացնել»,-ասել էՀակոբյանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակը շարունակում է համալրվել նոր սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։  «Մենք որոշակի առաջընթաց այս ուղղությամբ ունենք, առանձնապես հրետանային ստորաբաժանումների համալրում նոր սպառազինություններով եւ նրանց մարտական զինամթերքի, մարտավարակազմերի համալրման ուղղությամբ։ Սկսել ենք նաեւ տանկերի ներկրումը բանակ, որը եւս կբարձրացնի բանակի պոտենցիալը», - ասել է Մովսես Հակոբյանը։

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաեւ պատերազմի վերսկսման հավանականությանը` նշելով, որ ամեն վայրկյան սպասում է պատերազմի․ «Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կսկսվի պատերազմը, սա, կարծում եմ, բացի Ադրբեջանի ցանկությունից, կախված է նաեւ որոշակի հաշվարկներից։ Իսկ պատերազմն ամեն ժամ կարող է սկսվել։ Եվ եթե  նրանք չեն սկսել պատերազմը, նշանակում է, որոշակի հաշվարկներ կատարվել են»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ