ԱՄՆ-ն 10 մլն դոլարի պարգեւ է խոստացել «Ալ Քաիդա»-ի գլխավոր առաջնորդներից մեկի` Յասին ալ-Սուրիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, որը հայտնի է նաեւ Էզեդին Աբդել Ազիզ Խալի անունով: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի դեկտեմբերի 22-ի մամլո հաղորդագրությունում:

Պետդեպարտամենտի տեղեկություններով`ալ-Սուրին  «Ալ Քաիդա»-ի համակարգողն է Իրանում: Նա կարեւոր դեր ունի ահաբեկչական կազմակերպության համար միջոցներ հայթայթելու գործում եւ զբաղվում է Պարսից ծոցի երկրներում ֆինանսավորման նոր աղբյուրների որոնմամբ:

Բացի այդ, ալ-Սուրին  համակարգում է «Ալ Քաիդա»-ի նոր անդամների ներգրավումը, մասնավորապես, ապահովում է Իրանի տարածքով նրանց տեղափոխումը Իրաքի եւ Աֆղանստանի նախապատրաստական ճամբարներ: Նա նաեւ սերտորեն համագործակցում է Իրանի կառավարության հետ եւ ահաբեկիչներին աջակցում է իրանական բանտերից գրոհայինների ազատման եւ նրանց Պակիստան տեղափոխելու հարցում:

Ալ-Սուրիի համար մրցանակը սահմանվել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մրցանակներ արդարադատության համար» (Rewards for Justice) ծրագրի շրջանակներում:

10 մլն պարգեւ է նշանակված նաեւ  «Թալիբան»  շարժման առաջնորդ մոլլա Օմարի եւ Իրաքում «Ալ Քաիդա»-ի բջջի առաջնորդ Աբու Դուայի համար:

Ամենաբարձր պարգեւը` 25 մլն դոլար, նշանակվել է «Ալ Քաիդա»-ի  առաջնորդ Այման ալ-Զավահիրիի համար: