News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրուիս Ապուոկասի հետ հարցազրույցը:

2011 թվականին Լիտվան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Ինչպե՞ս է դա ազդել Հայաստանի ու Լիտվայի հարաբերությունների զարգացման վրա:

ԵԱՀԿ-ում նախագահությունը Լիտվայի համար միջազգային հարաբերություններում ամենապատասխանատու խնդիրներից մեկն էր: Ես չէի ասի, թե այդ հանգամանքը փոփոխություններ է մտցրել մեր հարաբերություններում, բայց, անկասկած, այդ հարաբերություններն ակտիվացել են, հատկապես, քաղաքական ոլորտում:

Արժեք հիշել Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի այցը Հայաստան, որպես ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեի, Լիտվայի ԱԳՆ-ի ու ՊՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան: Այդ այցելությունները կենտրոնացել են հիմնականում տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցերի վրա, սակայն հիանալի հնարավորություն էին շոշափել նաեւ երկկողմ հարաբերությունները: Խոսելով Հայաստանի ու Լիտվայի հարաբերությունների, ես չեմ կարող շրջանցել ԵԱՀԿ-ի հետ առնչություն չունեցող իրադարձությունները: Այսպես, անհրաժեշտ է հիշել Լիտվայի կրթության նախարար Գինտերաս Ստեպանավյուչասի այցը Հայաստան, որի շնորհիվ, հնարավոր դարձավ ուսանողների փոխանությունը, համագործակցություն սկսվեց երկու երկրների պետական հաստատությունների միջեւ կրթության ոլորտում տարբեր մակարդակների բարեփոխումների շուրջ, նաեւ հարաբերություններ ստեղծվեցին երկու երկրների համալսարանների ու քոլեջների միջեւ: Մենք անհանբերությամբ ենք սպասում 2012-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության այցին Լիտվա: Մենք ակտիվորեն փոխանցում ենք Լիտվայի փորձը կրթության ոլորտի բարեփոխումների ոլորտում: Մեր փորձագետները ԵՄ խորհրդատվական խմբի մի մասն են: Նոր սկսվող տարվանից, Լիտվայի փորձագետները Հայաստանում երկու թրեյնինգներ կանցկացնեն, որը ԵՄ-ի ու Հայաստանի համատեղ ծրագրերի մաս են կազմում:  

2011 թվականին Վիլնյուսում բացվեց Հայաստանի դեսպանությունը: Այդ իրադարձությունը, Ձեր կարծիքով, կազդի՞ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը տնտեսության ոլորտում:

Վիլնյուսում Հայաստանի դեսպանության բացումը անկեղծորեն ողջունել է լիտվական կողմը եւ անկասկած, դա դրական ազդեցություն կունենա մեր հարաբերությունների բոլոր ասպեկտների, այդ թվում տնտեսական կապերի վրա: Թեեւ Երեւանում մեր դեսպանությունը ջանքեր է գործադրում երկու կողմերի գործարարներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում, սակայն հիմա լիտվացի գործարարները տեղեկատվություն կստանան իրենց շատ ավելի մոտ գտնվող աղբյուրից:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-լիտվական տնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

Տնտեսական հարաբերությունները ոլորտներից մեկն են, որոնց զարգացման համար մեծ ներուժ կա: Ինչպես արդեն նշեցի, վերջին տարում Հայաստանի շուկայում ներդրումներ անելու լիտվական ընկերությունների հետաքրքրությունն ակնհայտորեն աճել է: Որոշ լիտվացի գործարարներ դեռ Հայաստանի հետ առեւտրի ու ներդրումների հնարավորություններ են փնտրում, որոշներն արդեն այստեղ են: «Բալթյան տեղեկատվական տեխնոլոգիաները» եւ Visaginas ընկերությունը մասնակցում են Մեծամորի ատոմակայանի ծրագրային ապահովման ստեղծմանը: Բալթյան երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենախոշոր դիստրիբյուտորական «ACME-Լիտվա» ընկերությունը ձեռք է բերել հայկական ընկերություն, հիմնադրելով «ACC Armenia» ընկերությունը, որը մտադիր է դառնալ խոշորագույն IT ընկերությունը Հայաստանում: Լիտվական «Ecoservice» ընկերությունը մասնակցում է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած աղբի վերամշակման հարցով մրցույթին եւ ես հույս ունեմ, որ կհաղթի այն: «Avia Solutions Group»-ը ուսումնասիրում է ավիացիոն ոլորտում տարբեր ծառայությունների մատուցման հնարավորությունը եւ արդեն ապահովում է «Արմավիայի» օդաչուների ուսուցումը:

Պատմեք, թե ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Իմ ընտանիքի անդամները գտնվում են Եվրոպայի տարբեր մասերում, ուստի մենք ձգտում ենք Ծննդյան տոներին հավաքվել մեր տանը` Վիլնյուսում: Ավանդույթի համաձայն, լիտվացիները այդ երեկոն անցկացնում են ընտանեկան մթնոլորտում, որտեղ սեղանին կա 12-ից ավելի ուտեստ, սակայն առանց մսային ու կաթնային ուտեստների: Մենք միմյանց նվերներ են տալիս, շատերը Սուրբ ծննդյան գիշերն այցելում են եկեղեցի` պատարագի: Սուրբ ծննդյան օրերին մենք հանդիպում ենք մեր ընկերներին: Նոր տարին երեկույթների ժամանակ է եւ այն հիմնականում տոնում է երիտասարդությունը` ակումբներում, մասնավոր երեկույթներում, երբեմն քաղաքից դուրս:

Ի՞նչ կցանկանայիք հայ ժողովրդին:

Ես հայ ժողովրդին անկեղծորեն ցանկանում եմ վառ եւ տոնական տրամադրություն Սուրբ ծննդյան օրերին: Բավականություն զգացեք, որ միասին եք, կիսեք սերն ու երջանկությունը ձեր ընտանիքների ու ընկերների հետ: Նոր Տարում բոլորին ցանկանում եմ խաղաղություն եւ իհարկե ամուր առողջություն, ուրախություն, բարեկեցություն, բեղմնավոր աշխատանք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ