Վրացի միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանաշվիլիին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից:

Ինչպես տեղեկացրել է գործարարի մամուլի ծառայությունը,  Իվանաշվիլին ինքն է հրաժարվել  Ռուսաստանի քաղաքացիությունից` Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիա դիմում ներկայացնելով: Դիմումը ներկայացվել է հոկտեմբերի 17-ին: Այժմ միլիարդատերը դեսպանատնից պաշտոնական փաստաթուղթ է ստացել քաղաքացիության դադարեցման մասին:

«Այս պահին  Իվանաշվիլին միայն Ֆրանսիայի քաղաքացի է», - նշել են մամուլի ծառայությունում, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, այս տարվա հոկտեմբերին Իվանաշվիլին հայտնել էր կուսակցություն ստեղծելու եւ 2012թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունների մասին: Բայց արդյունքում պարզվել էր, որ նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ միաժամանակ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի է: Հայրենիքում քաղաքական պայքարին մասնակցելու համար գործարարը Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու գործընթաց է սկսել: