Կահիրեում դեկտեմբերի 28-ին, եռամսյա ընդմիջումից հետո, վերսկսվել է Եգիպտոսի նախկին նախագահ 83-ամյա Հոսնի Մուբարաքի, նրա որդիների, ինչպես նաեւ ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ-Ադլիի եւ նրա վեց օգնականների դատական գործընթացը: Նրանց մեղադրում են 2011թ. սկզբին ժողովրդական զանգվածային խռովությունների ընթացքում ցուցարարներին գնդակահարելու, ինչպես նաեւ մի շարք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ:
Եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը տեղեկացրել է, որ այսօրվանից սկսած դատարանն ամեն օր նիստ կանցկացնի, որպեսզի դատավճիռը կայացնի նախքան 2012թ. մարտին Եգիպտոսում սկսված խռովությունների մեկ տարին լրանալը:
Ինչպես սպասվում է, դատարանը մեղադրյալների պաշտպանությանը եւ տուժածների փաստաբաններին կխնդրի սահմանափակել վկաների թիվը, որոնք վեց հազարից ոչ պակաս են:
Մուբարաքը ստիպված եղավ հրաժարական տալ 2011թ. փետրվարի 11-ին` ժողովրդական չդադարող խռովությունների, տնտեսական անկման եւ անվտանգության համակարգի փլուզման պայմաններում: Նախկին նախագահն առաջին անգամ դատարանի առջեւ կանգնել է օգոստոսի 3-ին: Դատարանի նիստը հեռարձակվել էր հեռուստատեսությամբ: Միլիոնավոր եգիպտացիներ իրենց նախկին նախագահին տեսել էին ճաղերի հետեւում` բժշկական պատգարակների վրա` առողջական ծանր վիճակի պատճառով, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























