News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 29-ին, նախագահի նստավայրում հյուրընկալել են Երեւանում բնակվող ավելի քան 30 բազմազավակ ընտանիքի:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել եւ բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որեւէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր եւ հարգանք:

«Այս երեխաները մեր անկախության սերունդն են: Մենք վերջերս մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ես որեւէ կասկած չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ մենք այս երեխաներին ենք հանձնելու ավելի բարեկեցիկ երկիր, ավելի ամուր պետություն, որովհետեւ յուրաքանչյուր սերունդ պետք է իր պարտականությունը կատարի, իր խնդիրը լուծի, որպեսզի հաջորդ սերունդների աշխատանքն արդեն կառուցված հիմքի վրա լինի, որովհետեւ առանց ամուր հիմքի ոչ մի լուրջ բան չի կարելի կառուցել: Ես վստահ եմ, որ անցնելու է 15-20 տարի, եւ այս դահլիճում հավաքված շատ-շատերը լինելու են պետական բարձր ծառայողներ, պաշտոնյաներ, զորահրամանատարներ, դիվանագետներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրենց արհեստին շատ լավ տիրապետող մարդիկ, ովքեր կկարողանան իրենց շրջապատին հույս, հավատ հաղորդել, իրենց շրջապատում բարություն սերմանել, որովհետեւ բարությամբ եւ համերաշխությամբ կարելի է լուծել բոլոր խնդիրները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքներն այսօր նախագահ Սերժ Սարգսյանից եւ տիկին Ռիտա Սարգսյանից կստանան նաեւ ամանորյա նվերներով լի զամբյուղներ ու համակարգիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ