News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գլխավորել է EurasiaNet «The Bug Pit» բլոգի 2012 թվականի ամենահավանական պատերազմների ցուցակը, որը բազմաթիվ փորձագետների կարծիքների հիման վրա կազմել է վաշինգտոնցի անկախ լրագրող Ջոշուա Կուչերը: Նա նաեւ մեջբերում է փորձագետների կարծիքները:  

Caspian Intelligence պորտալի բլոգում փորձագետ Ալեքս Ջեքսոնը կանխատեսում է, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կպահպանվի, սակայն էսկալացիա տեղի չի ունենա:

«Շփման գծում կպահպանվի նախկին մռայլ պատկերը. փոխհրաձգություն եւ զոհեր դիպուկահարների կրակից: Հայաստանն ու Ադրբեջանը շփման գծում այժմ օգտագործում են նաեւ անօդաչու թռչող սարքեր: Այս համատեքստում կարելի է սպասել նաեւ իրավիճակի փոփոխություն օդում: Սպառազինությունների մրցավազքը, ռազմավարժանքները, պաշտպանական բյուջեի աճը կշարունակվի, բայց սպասել նոր լայնածավալ ռազմական գործողություններ պետք չէ»:

Սերգեյ Կոնովալովը «Նեզավիսիմայա գազետա» թերթում անդրադառնում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա իրավիճակին` այն կապելով Իրանի դեմ  ԱՄՆ-ի եւ Իսրայելի հնարավոր պատերազմի հետ: Կոնովալովը նշում է, որ Ռուսաստանն այդ պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ամրապնդի իր դիրքերը Հայաստանում, իսկ դա նշանակում է ռուսական ռազմական փոխադրումների համար Վրաստանի սահմանած շրջափակման ճեղքման անհրաժեշտություն: Կոնովալովի դիտարկումները Ջոշուան քիչ հավանական է համարում, սակայն մեջբերում է.

«Այս տարվա ապրիլին Վրաստանը դադարեցրեց Հայաստանի ուղղությամբ ռազմական փոխադրումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Փաստորեն, Հարավային Կովկասում ռուս-հայկական ռազմական խմբավորումը արդեն մեկուսացման մեջ է: Ռուսական բանակի մատակարարումն իրականացվում է միայն օդով եւ Հայաստանի հետ պայմանագրերով; Հայաստանն իր հերթին բենզինը, դիզելային վառելիքը եւ ավիավառելիքը գնում է Իրանից: Պատերազմն Իրանում կնշանակի նաեւ այս խողովակով մատակարարման դադարեցում»:

Անդրկովկասում ռուսասկան զորախմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւն անձամբ է զբաղվել զորամիավորումների մատակարարմամբ եւ վստահ է, որ Իրանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում Ռուսաստանը փնտրելու է իր ռազմակայանի մատակարարման ուղի Վրաստանով:

Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրենի տեղակալ, Moscow Defence Brief պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Բարաբանովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում քննարկում է ռազմական գործողություններում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ Նիկոլայ Մակարովի հայտարարությունը:

«Ռուսաստանի մասնակցությունը ռազմական գործողություններում կարող է պայմանավորված լինել արեւմտյան պետությունների, առաջին հերթին, ԱՄՆ-ի միջամտությամբ նախկին ԽՍՀՄ տարածքի հակամարտություններին: ՀԱՊԿ անդամ պետությունները մնում են Ռուսաստանի ռազմավարական կարեւորության ազգային շահերի գոտի: Եթե այդ գոտի ներխուժեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի այլ երկրներ, ապա դա կարող է նախադրյալներ ստեղծի արեւմտյան պետությունների եւ Ռուսաստանի զինված ուժերի բախման համար` միջուկային զենքի կիրառմամբ»:

2012-ի հնարավոր պատերազմների ցուցակ

1. Պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի համար: Առաջիկա տասը տարիներին պատերազմի վերսկսումն առավել հավանական է այս տարածքում: Թեեւ այս պահին գրոհելուԱդրբեջանի վճռականությունը քիչ հավանական է, սակայն միշտ պահպանվում է որեւէ սադրանքի հնարավորություն:

2. Քաղաքացիական պատերազմ Տաջիկստանում: Անցած ձմեռվա իրադարձություններից հետո իրավիճակը կայունացել է, բայց քաղաքացիական պատերազմի նախադրյալները պահպանվում են: Տեղական առաջնորդները դժգոհում են, որ կենտրոնական իշխանությունը չի պահպանում 1990-ականների քաղաքացիական պատերազմի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունները: Տաջիկստանը չունի հնարավորություն դիմակայել սպառնալիքին: Բռնությունների վերսկսումը զարմանալի չի լինի, սակայն լայնածավալ ռազմական գործողությունները քիչ հավանական են:   

3. Ուզբեկստանի սադրանքը Տաջիկստանի եւ Ղրղըզստանի դեմ: Ուզբեկստանի եւ հարավային ու արեւելյան հարեւանների միջեւ առկա են տարաբնույթ բախումներ ու վեճեր: Եթե Ուզբեկստանին հզորությամբ զիջող հարեւանները փորձեն որեւէ թշնամական քայլի դիմել, ապա Տաշկենտը մկաններ ցույց կտա:

Քիչ հավանականությամբ հնարավոր է նաեւ ռազմական գործողություն Վրաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, քաղաքացիական պատերազմ Ղրղըզստանում, ռազմածովային հակամարտություն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ` Կասպից ծովի նավթագազային ռեսուրսների համար, իսլամականների ակտիվացում Ուզբեկստանում, պատերազմ Իրանի դեմ` Կովկասի համար անկանխատեսելի հետեւանքներով:

Ջոշուա Կուչերան նշում է, որ, նույիսկ, ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը հինգ տոկոս է, իսկ մյուսներինը` մեկ տոկոսից էլ քիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ