News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ամենակարեւոր արդյունքը բարոյական եւ կրթական մեսիջն էր, որը հնչեց Իսրայելի խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի խորհրդարանում «Մերեց» ձախ կուսակցության պատգամավոր Զահավա Գալյոնը:

«Ես հույս ունեմ, որ այս հարցի քննարկումն արձագանք կգտնի հասարակության մեջ եւ օրինակ կդառնա մեր քաղաքացիների, լրատվամիջոցների եւ կրթական համակարգի համար` գազանությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում եւ կարող են հետագայում տեղի ունենալ: Ես հույս ունեմ, որ այս քննարկումը Հայոց ցեղասպանության հարցում մեր ներկա ու նախկին իշխանությունների ցինիկ ու օպորտունիստական վարքի մերժման հիմք կդառնա»,-հայտարարել է Գալյոնը:

Նա նշել է, որ ինքը գոհ է քննարկման արդյունքներից, ընդգծելով, որ «Մերեց» կուսակցությունը երկար տարիներ փորձել է իրագործել այս նախաձեռնությունը:

«Ես գոհ եմ, որ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Կնեսետի խոսնակը եւ նրանով, որ Իսրայելում հայկական կոմիտեի ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հանդես գալ եւ առաջին անգամ Իսրայելի խորհրդարանում բաց հիշատակել Հայոց ցեղասպանության մասին»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Զահավա Գալյոնն այս քննարկման նախաձեռնողներից էր, որը կայացել է դեկտեմբերի 26-ին, Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում:

Քննարկմանը մասնակցել են այդ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոլաիցիայի ղեկավար Զեեւ Էլկինը եւ բազմաթիվ պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ