Բաղդադում պայթյունների հերթական շարքը կրկին հանգեցրել է մարդկային զոհերի: Ըստ տարբեր աղբյուրների տվյալների` պայթյունների արդյունքում մահացել է 13-24 մարդ, 45-ը` վիրավորվել: Ինչպես պատմում է անվտանգության ուժերի ներկայացուցիչը, սկզբում ավտոբուսի կանգառի մոտ պայթել է ականապատված մոտոցիկլը, որի շուրջ հավաքվում են օրավարձու բանվորները: Այդտեղ մահացել է 8 մարդ:
Կես ժամ անց մայրաքաղաքի այդ նույն շրջանում պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ռումբը, մահացել է Բաղդադի 1 բնակիչ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոտավորապես 2 ժամ անց մայրաքաղաքի հյուսիսում` Կազիմիայի շրջանում, ևս 2 պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է 4 մարդ:
Սովորաբար շիական շրջաններում պայթյուններ կազմակերպում են «Ալ- Քաիդայի» գրոհայինները կամ նրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: Սակայն դեռ ոչ ոք կատարվածի համար պատասխանատվությունը չի ստանձնել:
Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո գրոհայինների հարձակումները երկրի տարբեր քաղաքներում շատացել են: Բաղդադում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել պայթյունների շարք, որը խլել է ավելի քան 60 կյանք: Հիշեցնենք, որ ամերիկյան վերջին զինվորը լքել է Իրաքը 2011 թվականի դեկտեմբերի 18-ին:




























