Դա Տիգրան Տեր–Մարգարյանի որոշումն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մ արգարյանը հրաժարական է տվել։

Հարցին՝ իր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, այդ թվում ՔՊ–ի կողմից, նա պատասխանեց. «Իհարկե չեն եղել, մեզ վրա ճնշումներ չեն լինում։ Մեզ չի կարող ՔՊ–ն ճնշել։ Մենք առանձին քաղաքական ուժ ենք։

Մենք ՔՊ–ի հետ քննարկում չենք ունեցել, սա Տիգրան Տեր–Մարգարյանի անձնական որոշումն է»։

Անի Խաչատրյանը նաեւ նշեց, որ այդ պաշտոնի համար թեկնածուի հարց չի քննարկվել. «Մենք այնտեղ ունենք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որ մեր կողմից է նշանակվել և կա տեղակլ, որ ՔՊ–ի կողմից է նշանակվել։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ ում են անցնում լիազորությունները, ոչ էլ դա էական է»։

Անի Խաչատրյանը հայտարարեց, որ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կրկին իրենց կուսակցությունից է նշանակվելու։

Նշենք, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: