Մոսկվայի իտալական ռեստորանում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ռեստորանը տեղակայված է ձեղնահարկով երկհարկանի շինությունում: Մասնակի փլուզում է տեղի ունեցել, արդյունքում փլատակներ են գոյացել: Կան զոհեր եւ վիրավորներ:
Ընթացիկ պահի ճշտված տվյալներով` փրկարարները փլատակների տակից երկու զոհվածների դիակներ են հանել, 26 մարդ վիրավորվել է, այդ թվում` 16-ամյա մի դեռահաս: Ավելի վաղ բժիշկները հաղորդել էին այրվածքներով հիվանդանոց տեղափոխված երեք երեխաների մասին:
«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով ԱԻ նախարարությանը, գրում է, որ պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհը մարվել է մոսկովյան ժամանակով ժամը 16.57:




























